ՀՀ հարկային օրենսգրքում և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններով առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2023 թ. հունվարի 1-ից 1 մլն-ի համար 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաև այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Փոխնախարարի հավաստմամբ՝ նաև կճշգրտվեն որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, կհավասարեցվեն այդ ծածկագրին դասվող սիդրի և այլ խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:
Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:
ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությամբ՝ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտ կհամարվի անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են օտարվել անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքները:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հավաստմամբ՝ առաջարկվող փոփոխության նպատակն անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց չհիմնավորված լրացուցիչ ծախսերից ազատելն է:
Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիներն իրենց բնակարանների օտարման ժամանակ կազատվեն հարկային բեռից:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության եզրակացությունը դրական է:
Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը:
Օրենքն ուժի մեջ մտնելով՝ կտարածվի 2022 թ. հունվարի 1-ից hետո ծագած հարաբերությունների վրա:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են:
Հարկային և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններով բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է ոչ պակաս, քան դրանց համար անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով:
Ըստ ֆինանսների փոխնախարարի՝ առաջարկվում է տվյալ կարգավորումը չկիրառել բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:
Արման Պողոսյանի հավաստմամբ՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:
Բանկային համակարգին առնչվող դրույթի ճշգրտման համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
Երկրորդ ընթերցմամբ հարցերը քննարկվել և դրական եզրակացություն են ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում: