Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։
Քննարկվել են Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության, քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրությունների, ինչպես նաև Ծառայության տեսչական, վերլուծական բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված հիմնական խախտումները։
Գլխավոր հարկադիր կատարողի կողմից ցուցումներ են տրվել արձանագրված խախտումները շտկելու, նմանատիպ խախտումները հետագայում բացառելու և արձանագրված խնդիրների առնչությամբ Ծառայությունում միատեսակ պրակտիկա ձևավորելու ուղղությամբ։
Հանձնարարականներ են տրվել նաև առանձին կատարողական գործողությունների առնչությամբ ծագող որոշ այլ խնդիրների շտկման և կատարողական գործողությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միատեսակ պրակտիկայի ապահովմանը, Ծառայությունում պիլոտային ծրագրով ներդրված՝ հարկադիր կատարողների պարգևատրման արդյունքահենք համակարգին առնչվող մի շարք հարցերի։
Գլխավոր հարկադիր կատարողն ընդգծել է պարգևատրման արդյունքահեն համակարգի պատշաճ գործունեության և այս համակարգի ներդրմամբ հետապնդվող նպատակների՝ հարկադիր կատարման համակարգի արդյունավետության և առանձին հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացման կենսագործման հարցում համապատասխան ստորաբաժանման ղեկավարների և յուրաքանչյուր հարկադիր կատարողի անհատական բարձր պատասխանատվության և բարեխղճության անհրաժեշտությունն ու կարևորությունը։