Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները հանրապետության քաղաքացիներին հավաքագրում և ուղարկում են Ուկրաինա կռվելու, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա քննադատել է ընդդիմադիր ուժերին, որ շատ են խոսում ուկրաինական պատերազմի մասին, բայց իրենք չեն գնում այնտեղ առաջնագիծ։ «Ի՞նչ քաղաքական գործիչ եք տեսել, որ զոհվել է պատերազմում: Նրանք շատ ակտիվ են Ֆեյսբուքում և աչքի են ընկնում «համարձակ» գրառումներով, ուրեմն թող գնան առաջնագիծ, բայց ոչ թե Կիև սելֆիի, այլ՝ ռազմաճակատ կռվելու»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Ուկրաինայում Բախմուտի մոտ մարտերի ժամանակ զոհված Վրաստանի հինգ քաղաքացիների ընտանիքներին և ընկերներին։ Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է Վրաստանի 33 քաղաքացի։ Հանրապետության կառավարությունը ստանձնել է զոհվածների մարմինները հայրենիք տեղափոխելու և զինվորական պատիվներով հուղարկավորելու հետ կապված բոլոր ծախսերը։