Դոկտոր Ջեյն Գուդալը 2022 սեպտեմբերին Հայաստանում անցկացված միջազգային «Սթարմուս VI» փառատոնի ընթացքում շնորհվող Սթիվեն Հոքինգի մրցանակին արժանացած չորս գիտնականներից էր։ «Սթարմուսի» հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրել էր նրան և հայտարարել մրցանակակրի մասին պաշտոնական արարողության ժամանակ։
Դոկտոր Գուդալը չէր կարողացել անձամբ ներկա լինել արարողությանը, և նոյեմբերի 29-ին Լոնդոնում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն անձամբ է հանձնել նրան մրցանակը Թագավորական աշխարհագրական ընկերությունում։
«Էթնոլոգ պրոֆեսորներն ինձ ասում էին, որ ես չեմ կարող խոսել կենդանիների՝ որպես անհատականություն, մտածողություն և էմոցիաներ ունեցող էակների մասին։ Իհարկե ես չէի կարող դա ընդունել»,- ասում է դոկտոր Ջեյն Գուդալը։
Սեպտեմբերի 6-ին Starmus VI Armenia միջազգային գիտության վեցերորդ փառատոնի ընթացքում Ջեյն Գուդալին շնորհվել է Սթիվեն Հոքինգի մրցանակը, որ տրվում է գիտության կոմունիկացիայի, հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։ Նոմինացիան ներկայացվել էր Նոբելյան մրցանակակիր, գիտնական և «Սթարմուսի» հոգաբարձուների խորհրդի անդամ Էմանուել Շարպենտիեի կողմից։
Դոկտոր Գուդալի աշխատանքները ոգեշնչել են գիտնականների, նատուրալիստների, հետազոտողների և գիտության հաղորդակցությամբ զբաղվողների սերունդների, և նրա պատմությունը խթան է հանդիսացել բազմաթիվ երիտասարդ կին գիտնականների կայացման և գաղափարների իրականացման գործում։
Սթիվեն Հոքինգի մրցանակը հիմնադրվել է պրոֆեսոր Հոքինգի և «Սթարմուս» փառատոնի հոգաբարձուների խորհրդի կողմից 2016 թվականին՝ նպատակ ունենալով պարգևատրել գիտության հանրայնացման գործում կատարած լուրջ ներդրումների համար տարբեր ոլորտների գիտնականների։ Մրցանակակիրներն ընտրվել են պրոֆեսոր Հոքինգի և «Սթարմուսի» խորհրդի կողմից, և այն տրվել է համաշխարհային գիտական մտքի ամենափայլուն ներկայացուցիչներին միավորող փառատոնի՝ «Սթարմուսի» ընթացքում, որը հիմնադրել են դոկտոր Գարիկ Իսրայելյանն ու դոկտոր Բրայան Մեյը։