Հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակի կապակցությամբ Կրեմլի պատի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Մարշալի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ռուսական բանակի գեներալ Վլադիմիր Իսակովը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Բաղրամյանի թոռներն ու հարազատները, վետերաններ ու ռազմական բուհերի կուրսանտներ:
Առաջին համաշխարհայինից մինչև քաղաքացիական, խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ Մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց պատմության մեջ՝ նշում են ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները: Ռուսական բանակի գեներալ Վլադիմիր Իսակովն ընդգծում է՝ «Բագրատիոն» օպերացիան և «անառիկ» Քյոնիգսբերգ ամրոցի գրավումը չորս օրում մարշալ Բաղրամյանի կողմից ծրագրված և հաջողությամբ իրականացված եզակի գործողություններ և ռազմարվեստի պատմության վառ դրվագներ են։
Վլադիմիր Իսակով (ՌԴ բանակի գեներալ) - Իվան Բաղրամյանը շատ բան է արել խորհրդային զինված ուժերի զարգացման համար: Նա մեծ ներդրում ունի թիկունքի կատարելագործման գործում։ Բավական է հիշել նրա խոսքը՝ «Հաղթանակը թիկունքի արժանիքն է՝ 50 և, հնարավոր է՝ նույնիսկ ավելի տոկոսով»: Ծանր հետպատերազմյան ժամանակաշրջանում նա ստեղծեց այնպիսի համակարգ, որն աշխատեց ողջ խորհրդային տարիներին: Մենք նրա աշակերտներն ենք և հպարտ ենք, որ նա մեզ դաստիարակել է և թողել ճիշտ գործելու հստակ պատգամներ: Մենք նրա գրքերի մի ամբողջ ժողովածու ենք հրատարակել:
Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ընդգծեց հայ և խորհրդային ականավոր զորավարի անգնահատելի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի ընդհանուր գործում: Հարությունյանն առանձնացրեց նաև, որ հայ ժողովուրդն անսահման հպարտ է Հովհաննես Բաղրամյանի սխրանքներով և հարգում է նրա հիշատակը:
Լեգենդար մարշալի 125-ամյակը նշվեց նաև Մոսկվայի Հաղթանակի թանգարանում՝ «Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
Ֆիլմը պատմում է մարշալ Բաղրամյանի յուրահատուկ հարուստ կենսագրության մասին՝ լի վերելքներով ու անկումներով, անհավանական հաջողություններով ու ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցել պատերազմի առաջին ամիսների ամենաողբերգական արյունալի մարտերին, և Բաղրամյանը ռազմական այդ խառնաշփոթի մեջ կարողացավ հզոր դիմադրություն կազմակերպել։
Տիգրան Մանասյան (ֆիլմի պրոդյուսեր) - Ֆիլմի գլխավոր նպատակն է ծանոթացնել նոր սերնդին մեր հերոսների հետ, որ տվել է աշխարհին հայ ժողովուրդը, որոնցից է մարշալ Բաղրամյանը: Ֆիլմում բացահայտում ենք մարշալի անձը՝ երիտասարդ տարիքից մինչև խոր ծերություն և ներկայացնում դեռ չբացահայտված մանրամասներ ռազմական գործողություններից:
Հովհաննես Բաղրամյանի կյանքի մեծ սերը՝ Թամարան, որին նա սիրառատ նամակներ էր գրում մարտի դաշտից, վարած կատաղի մարտերը ֆաշիստների դեմ ու փառահեղ ռազմական ուղին՝ ֆիլմն անդրադառնում է մարշալի կյանքի բոլոր նրբություններին:
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ դեսպան) - Պատերազմի ժամանակ երեք զորատեսակներից երկուսը ղեկավարել են հայերը, որոնց որոշումներն ազդել են պատերազմի ընթացքի և դրա ելքի վրա: Այսպիսով մենք հիշում ենք մեր մարշալներին, և դա կարևոր է այնքանով, որ մենք ռազմահայրենասիրական դաստիարակություն ենք անցկացնում երիտասարդ սերնդին, ոչ միայն հայ, այլև ռուս:
Գերմանացի ֆաշիստական զավթիչների հետ մարտերում նրա կողմից իրականացված ռազմական գործողություններից շատերը դեռ մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի տարբեր ռազմական ուսումնական կենտրոններում: Ֆիլմի նկարահանող «Գործընկեր ֆիլմ» կինոընկերությունն ու «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամն էլ որոշել են օգտվել այդ ուսումնասիրություններից և աշխարհին պատմել հայ 5 մարշալների մասին:
Արթուր Սողոմոնյան (Ֆիլմի պրոդյուսեր) - Հետաքրքիրն այն էր, որ ռազմական ոլորտում բարձրագույն կոչում ստացած այդ 5 մարշալները ծնունդով Ղարաբաղից էին: Որոշել ենք նրանց մասին պատմելով՝ աշխարհին ցույց տալ, որ համեստ հայկական ընտանիքներից սերած այդ հերոսների գենետիկան շատ հզոր էր, որոնք սեփական տաղանդով և ուժերով են հասել այդ կոչման ու հայկական ոգով են կերտել հաղթանակներ:
5 հայ մարշալների մասին ֆիլմերի նկարահանումներից հետո դրանք կցուցադրվեն ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում և այլ երկրներում: