Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1019 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ինչպես զանգերի, այնպես էլ պատահարների թիվը, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի են:
Հրդեհի վերաբերյալ ստացվել է 5 կանչ, որից մեկը՝ բնակարանային, 1-ը՝ տրանսպորտային միջոցում, մյուս 3-ը՝ բաց տարածքում: Հրշեջ փրկարարներն իրականացրել են կանխարգելման միջոցառումներ և ապահովել բնակչության անվտանգությունը:
Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է բնակիչներին Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումները շարունակվում են: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
ՃՏ պատահար բնութագրմամբ մեկ կանչ է գրանցվել Մարտունու շրջանում: Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:51-ին, Ավոյի աղբյուր կոչվող տեղամասին հարակից ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Դեպքի վայր մեկնած Մարտունու ԱԻ բաժնի փրկարարները հոսանքազրկել են մեքենան, վերացրել վտանգը և տուժած քաղաքացուն տեղափոխել բուժհաստատություն:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 13 և տեխնածին բնույթի 10 կանչերի, այդ թվում՝ կատարելով փակված 2 դռան և 4 վերելակի բացում:
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները:
Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 1326 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: