Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանն այսուհետ այցելուներին կներկայանա նոր ցուցադրությամբ և կահավորմամբ։ Ծրագիրը, որ քաղաքապետարանն իրականացնում էր օգոստոս ամսից՝ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով, ավարտվել է։
Լիլիթ Թովմասյան (Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու) - Վերջին անգամ ցուցադրության փոփոխություն տեղի էր ունեցել 20 տարի առաջ, եթե մենք խոսում ենք տուրիստական քաղաք և զբոսաշրջային կենտրոն, ապա, մեղմ ասած, հնարավոր չէր այդպես աշխատել:
Շարժական պատեր, կետային լուսավորություն, նոր գույք ու գորգեր, մեծադիր պաստառներ, միջավայրի և նյութի ներկայացման ձևի փոփոխություն՝ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմամբ։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ:
Կարեն Բարսեղյան (դիզայներ, նկարիչ) - Կրթության ձևը փոխվել է, սա էլ է կրթության ձև, երեխան չէր կարող կարդալ կամ լսել, հիմա թվայնացվել է և կարող է գալ, կարդալ, լսել:
Բանաստեղծի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահում բոլոր փոփոխությունները քննարկվել են Ավետիք Իսահակյանի թոռան՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի հետ։ Այսուհետև Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում կարելի է տեսնել մինչ այժմ գրականության մեջ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը Իսահակյանին. այն Ավիկ Իսահակյանի անգնահատելի նվերն է իր հարազատ քաղաքի թանգարանին:
Շուտով թանգարանը կունենա նաև իր պաշտոնական կայքը և կգործի օնլայն։
Հաջորդ ծրագիրը մտադիր են իրականացնել բեմի մեծ վարպետի՝ Մհեր Մկրտչյանի թանգարանում:
Նոր ցուցադրության գաղափարը դեռ խմորման փուլում է։