Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին:
Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:
Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ):
Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք՝ աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: