ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին և 15-րդ լիագումար նիստին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմամբ:
«ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրություններին և հանրաքվեներին արտաքին միջամտության աճող սպառնալիքների համատեքստում մեծանում է այս ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման արդիականությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Հանձնարարականների նախագծով լրացվում է ԱՊՀ և ՀԱՊԿ մոդելային ակտերի գործող համակարգում առկա բացը:
Նախագիծը ձևակերպում է ընտրություններին և հանրաքվեներին օտարերկրյա միջամտության և ընտրական ինքնիշխանության հայեցակարգը, պարունակում է ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության միջազգային իրավական դաշտի վերլուծություն, սահմանում նպատակներն ու խնդիրները: Նախագծում ամրագրված են նաև ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության հիմնական առաջարկվող միջոցառումները, այդ թվում՝ օրենսդրական գործունեության համատեքստում:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախագծի հայեցակարգային դրույթները լիովին համապատասխանում են իրական իրողություններին, համակարգված և հիմնավորված են, փաստաթուղթն անցել է վեհաժողովի սահմանած փորձաքննության բոլոր ընթացակարգերը: Նա հավելել է, որ նախագծի ընդունումը թույլ կտա համախմբված զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների և ընտրական ինքնիշխանության պաշտպանության առաջարկվող համապարփակ բաղադրիչը:
Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը ներկայացված հանձնարարականների նախագծի վերաբերյալ, ինչպես նաև այս հարցով լիագումար նիստի որոշման նախագծին: