Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման մարդասիրական միակ լիարժեք ճանապարհն է՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ և 15-րդ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը: Անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորմանը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է՝ այսօր խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները:
Հայաստանը հանձնառու է բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը, հայտնել է Սիմոնյանն ու հավելել՝ մեր երկրի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են այդ հանձնառությունը:
Ալեն Սիմոնյան - Ադրբեջանը բոյկոտում ու մերժում է միջազգային գործընկերների բոլոր ջանքերը: Կոշտ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հասցեին, որի մանդատը մինչև օրս չի հաստատել Ադրբեջանը: Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է իր սահմանին Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության տեղակայումից, խոչընդոտվում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի առաքելության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը ԼՂ: Առավել սուր է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, որոնք ֆիքսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՆՇԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԻՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականներին ԱԺ խոսնակը ներկայացրել է նաև Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, ընդգծել Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, որի ընթացքում օկուպացվել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ագրեսիան զուգորդվել է ռազմական հանցագործություններով, որոնք տարածվել են ադրբեջանական սոցցանցերում, սակայն դրանով չեն ավարտվել Բաքվի ծավալապաշտական նկրտումները՝ հայտարարել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան - Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի նկատմամբ ու առաջ է քաշում տարածքային անհիմն պահանջներ: Ասվածի վառ վկայությունն է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում նախագահ Ալիևի վերջին ելույթը: Պատերազմից երկու տարի անց մենք լսում ենք ելույթ, որը բորբոքում է ատելություն և փառաբանում պատերազմը:
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ տարածաշրջանում էսկալացիայի վտանգի պահպանման մասին զեկուցել են նաև Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները, ընդգծել, որ այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը, և հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները:
Ալեն Սիմոնյան - Դրանք են՝ կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ, և երկրորդը՝ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում: ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր առանձին դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել Հայաստանում կազմակերպության վերաբերյալ հասարակական տրամադրությունների էական փոփոխության: Մենք երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չենք արել, մենք ասել ենք այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված ենք:
ԶԱՍԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՊԿ ԱԽ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է կազմակերպության անվտանգության խորհրդի որոշման նախագծի ստորագրումը: Փաստաթուղթը քննարկվել է, բայց պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով չի ընդունվել:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քատուղար) - Հուսով եմ, որ որոշակի լրամշակումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և համապատասխան միջոցների ձեռնարկմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում ՝ Հայաստանի համար:
Ստանիսլավ Զասն ընդգծել է՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ստանիսլավ Զաս - Այդ իսկ պատճառով մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու վեց կետանոց միջոցառումների համալիր, որը հավանության է արժանացել բոլոր պետությունների կողմից, սա միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող վիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամների անհամապատասխան գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են՝ ներկայումս Հայաստանը բախվում է ռիսկերի և սպառնալիքների:
Հեղինակ` Նորայր Շողիկյան