Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ գրասենյակից:
«Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։
Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։ Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից։
Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը»,- ասված է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: