Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ամփոփել է Ռուսաստան այցի արդյունքները, տեղեկացրել, որ երկու երկրները գործակցությունը զարգացնելու որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել։
«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայով, Թեհրանն ու Մոսկվան գործակցում են նաև կովկասյան տարածաշրջանի հարցում։ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափը շատ լավ մոդել է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,- ասել է իրանցի դիվանագետը։
ԻՐԱՆՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿՎԵԼ
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են վերանայել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը։ Այդ հարցով աշխատանքներ են տարվում, առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան առաջարկներ կներկայացվեն խորհրդարան։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին էլ հայտնել է, որ երկրի Սահմանադրությունը, որն ընդունվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, կարող է վերանայվել։
ԱՆԿԱՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Անկարան ավարտին կհասցնի հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ձևավորումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Մենք թույլ չենք տա, որ մեր սահմաններին ահաբեկչական միջանցք ստեղծեն: Ո՛չ ահաբեկչությունը, ո՛չ որևէ մեկը մեզ չեն ստիպի հրաժարվել մեր ծրագրերից»,- զգուշացրել է նախագահը:
Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ անդրսահմանային գործողությունը շարունակելու հայտարարության ֆոնին Թուրքիայի հետախուզական ծառայությունները հայտնել են Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» 18 զինյալի ձերբակալման մասին։
Արաբական լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Հասեքե նահանգի հյուսիսում հարվածներ են հասցրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շարասյանը, ինչպես նաև իրաքյան Մախմուր քաղաքի մոտակայքում գտնվող քուրդ փախստականների ճամբարին։ Վերջին մի քանի օրվա ընթացքում թուրքական զորքերը գնդակոծել են շուրջ 90 բնակավայր։ Կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի զինված ուժերի հրամանատարությունը Հալեպում ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել՝ թուրքական զորքերի հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։ Նշվում է նաև, որ ԱՄՆ զինվորականները և քուրդ զինվորականները վերսկսել են համատեղ պարեկությունը, որը դադարեցվել էր մի քանի օր առաջ՝ թուրքական հարձակման սպառնալիքի պատճառով։
ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՌԴ-Ն. ՄԱԿՐՈՆ
Էմանուել Մակրոնը հավատացրել է, որ Ֆրանսիան և արևմտյան մյուս պետությունները չեն ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը։ Նա նաև ընդգծել է, որ անմիջական կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը հաղորդակցության ուղիների պահպանումն է: Իսկ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու միակ ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ բանակցությունների էական մաս է Ռուսաստանին երաշխիքների տրամադրումը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Մոսկվայի մտահոգությունները:
Նա նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության հետ կապված և հաստատել Փարիզի պատրաստակամությունը՝ աջակցելու Իրաքին, եթե երկրի ինքնիշխանությանը վտանգ սպառնա:
Ավելի վաղ Սիրիայի և Իրաքի շուրջ զարգացումները Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան քննարկել էր իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Ֆրանսիական կողմը հայտնել է Անկարային, որ ոչ մի ռազմական գործողություն չպետք է խոչընդոտի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերը։
ԵՎՐՈՊԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԾՈՎՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ
Եվրոպան պաշտոնապես դադարեցնում է ծովով ռուսական նավթի ներկրումը: Բուլղարիան, սակայն, կկարողանա ծովով ռուսական նավթ ու նավթամթերք ստանալ մինչև 2024 թվականի վերջ: Եվրոպական մի շարք երկրներ, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով ռուսական նավթի այլընտրանք չունեն, նույնպես կշարունակեն ռուսական նավթ ստանալ:
Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել նաև ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն գնի սահմանման հարցում, ինչը, եվրոպական կողմի համոզմամբ, կնվազեցնի Ռուսաստանի եկամուտները և կկայունացնի աշխարհում էներգակիրների գները։
Ռուսաստանը, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր չէ նավթ մատակարարել առավելագույն գնի պայմաններում: Փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը կարող է հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանաչափը:
«Մոսկվան նավթ և նավթամթերք կվաճառի այն երկրներին, որոնք կաշխատեն Ռուսաստանի հետ շուկայական պայմաններով, նույնիսկ եթե ստիպված լինենք որոշակիորեն կրճատել արդյունահանումը»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։