Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում և ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների արդյունքներից։
«Միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի նաև ռազմական գործողության արդյունքում ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններից»,- հավելել է Զասը:
ԱԼԻԵՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՎԻՏԻՆԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում իրավիճակին, գոհունակություն հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման դինամիկայի հետ կապված:
Ընդգծվել է տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը: Ըստ ադբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր:
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանում՝ Իրանի հետ սահմանին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալով՝ վարժանքներում ներգրավված են մարտական և հատուկ ինժեներասակրավորական սարքավորումներ, տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը կկատարեն տարբեր առաջադրանքներ հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ, կիրականացնեն գետերի վրա լողացող կամուրջների կառուցման և դեսանտի տեղափոխման վարժանքներ:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տվյալով՝ Իրանի հետ սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժություններին կհետևի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
ՇՎԵԴԻԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցության համար դատապարտված առաջին անձին։ Այսպիսով, Ստոկհոլմը կատարում է ՆԱՏՕ-ին միանալու հարցում Թուրքիայի պահանջները՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձի արտահանձնումը Թուրքիա տեղի է ունեցել Բուխարեստում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի և Շվեդիայի գլխավոր դիվանագետների հանդիպումից երկու օր անց:
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՀՐԵՅՆ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պատմության մեջ առաջին պետական այցով մեկնել է Մանամա: Հրեական պետության ղեկավարի գրասենյակից տեղեկացրել են, որ այցը տեղի է ունեցել Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հրավերով։ Հերցոգի խոսքով՝ սա ևս մեկ կարևոր քայլ է Իսրայելի և արաբական երկրների հարաբերություններում:
Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցի շրջանակում Իսրայելի նախագահին ընդունել են նաև Աբու Դաբիում։ Նախատեսված է նրա հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ Նահյանի հետ:
ԺԱՅԹՔԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾՈՂ ՀՐԱԲՈՒԽԸ
Հավայան կղզիներում 40 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը՝ Մաունա Լոան, գրում է BBC-ն։
Լավան դեռ չի սպառնում լեռան ստորոտին ապրող մարդկանց, սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայությունը զգուշացնում է, որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։ Բնակիչներին հորդորել են զգոն լինել: Տեղեկություններ կան, որ լավան ավելի է մոտեցել կղզու գլխավոր մայրուղուն: