4.2 տոկոս ՀՆԱ-ի աճ, 4.6 տոկոս գնաճ, դրամի նկատմամբ դոլարի որոշակի արժևորում. սա Հայաստանի վերաբերյալ Եվրասիական զարգացման բանկի 2023-ի կանխատեսումն է: Կառույցը հրապարակել է անդամ 6 երկրների վերաբերյալ իր կանխատեսումները:
Վերլուծաբաններն առանձնացրել են համաշխարհային տնտեսության երեք հիմնական միտումներ՝ գնաճի բարձր մակարդակ, կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացում և բիզնեսի ակտիվության նվազում: Դրանց հիման վրա նախ ընթացիկ տարվա վերաբերյալ են կանխատեսում արել, ապա և՝ առաջիկա 2 տարիների:
Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հայաստանի Կառավարության թիրախը, գիտենք՝ 7 տոկոսն է, ԵԱԶԲ-ի կանխատեսումը՝ 4 տոկոսից փոքր-ինչ ավելի, բայց, ըստ երևույթին, դիտարկելով այս տարվա ընթացիկ վիճակը, իրողությունները և փորձելով դրանք վերլուծել նաև 23 թվականի կտրվածքով, շատ հավանական է, որ այդ կանխատեսումները ավելին լինեն, իրականությունն ավելին լինի, քան կանխատեսումներն են:
ԵԱԶԲ անդամ 6 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան, ընթացիկ տարում ամենաբարձր ՀՆԱ-ի աճը մեր երկրում է կանխատեսվում՝ 12.5 տոկոս, գնաճը կկազմի 9.6 տոկոս, որը ամենացածրերից է, զիջում է միայն Տաջիկստանին:
Շիրակ Թորոսյան - Դա պայմանավորված է ուկրաինական պատերազմով, դա պայմանավորված է ռուսական կապիտալի շարունակական ներհոսքով, դա պայմանավորված է նրանով, թե Հայաստանի Կառավարությունը, որը այսօր վարում է ռուսական բիզնեսի Հայաստանում պահելու լուրջ քաղաքականություն, ինչ ծավալներ կկարողանանք պահել, եթե անգամ պատերազմն ավարտվի, և եթե չի ավարտվում, ի՛նչ նոր հնարավոր հոսքեր կարող են լինել:
Արդեն 2023-ին ԵԱԶԲ անդամ երկրներից ամենացածր գնաճը Հայաստանում է կանխատեսվում: Մասնագետների կարծիքով՝ սա կախված է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Եթե բնականաբար ինֆլյացիան կգա իրենց թիրախային շեմերի մեջ կմտնի, բնականաբար կսկսի թուլացնել քաղաքականությունը, որպեսզի նպաստի տնտեսական զարգացմանը: Բայց մյուս կողմից էլ պիտի հասկանանք, որ նմանատիպ սցենարը առաջատար տնտեսություններում զարգացումների դանդաղման հետևանք է, երբ որ համաշխարհային պարենային և հումքի շուկաներում պիտի գների անկում լինի, որը պիտի բերի էսպես ասած մեզ մոտ արտաքինից եկող ինֆլյացիոն ճնշումների դանդաղման:
Եվրասիական զարգացման բանկը նաև արտարժույթի վերաբերյալ կանխատեսում է արել, սպասում են, որ եկող տարի դոլարը կարժենա միջինում՝ 438, իսկ 2024-ին՝ 465 դրամ:
Էդգար Աղաբեկյանը նկատում է՝ նմանօրինակ կանախտեսումները ոչ միշտ են արդարանում, այս տարի օրինակ դոլարի նկատմամբ դրամի նման արժևորումը ոչ ոք չէր սպասում:
Էդգար Աղաբեկյան - Գործոնները բազմաշերտ են, բազմազան են, և միայն միակողմանի դիտարկել, որ եթե ինֆլյացիոն գործոնները դանդաղում են, ԿԲ-ն վերաֆինանսավորում է թուլացնում, մյուս կողմից` ՌԴ-ից եկած ոչ ռեզիդենտների ներկայությունն է էստեղ կայունանում: Միայն դրանց վրա հիմնվելով ապագա կանխատեսումները, ըստ իս, կարող ենք դա որոշակի սցենար դիտարկել զարգացման համար, բայց որ դիտարկենք, որ դա զարգացման միակ 100-տոկոսանոց սցենարն է, ճիշտ չի լինի:
Ընդհանուր առմամբ ԵԱԶԲ գործունեության տարածաշրջանում այս տարի 2.3 տոկոս տնտեսական անկում է կանխատեսվում՝ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական վիճակով պայմանավորված:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան