Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է կենդանիների աչքերով երեք ծրար, որոնք հասցեագրված էին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը, Բարսելոնայում գլխավոր հյուպատոսությանը և Մալագայում հյուպատոսությանը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում 12 երկրում Ուկրաինայի դեսպանատների և հյուպատոսությունների հասցեին «խորհրդանշական սպառնալիքով» ծրարների 21 դեպք է գրանցվել։
Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է օտարերկրյա կառավարություններին՝ խնդրելով ուժեղացնել երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։ Նիկոլենկոն ավելի վաղ հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբայի հանձնարարությամբ՝ Ուկրաինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսություններն անցել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ռեժիմի։