Իրանի հիմնական օրենքը, որն ընդունվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, կարող է վերանայվել՝ հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում է Al Hadath-ը։
Նախագահը հայտարարությունն արել է սեպտեմբերի կեսին սկսված և շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որի պատճառը ծագումով քուրդ 22-ամյա ուսանողուհի Մահսա Ամինիի մահն էր: Նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը հիջաբը սխալ կրելու համար:
Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իրանում վերացվել է բարքերի ոստիկանությունը։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի խոսքով՝ այդ կառույցը «դատական համակարգի հետ կապ չի ունեցել, և այն փակվել է»։ Բացի այդ, նա հայտնել է, որ աշխատում են կանանց՝ հիջաբ կրելու պահանջի մասին օրենքի փոփոխության շուրջ: Դատախազը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։