Օրենքների նախագծերով առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման և միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Նշվել է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը, իսկ հայտարարագրման համակարգն էլ առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Ըստ փոխնախարարի՝ առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը:
Արման Պողոսյանի հավաստմամբ՝ Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերն օրենսգրքով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարից փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով: Սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից արդեն օգտված ֆիզիկական անձինք: Սոցիալական ծախսերից չեն օգտվի այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել:
2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով:
Առաջարկվում է սահմանել նաև մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն և արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելու համար վարչական պատասխանատվություն սահմանելուն: Ըստ Արման Պողոսյանի՝ նախատեսվել են պատասխանատվության տարբերակված չափեր:
Փոխնախարարը նաև նշել է, որ անչափասները չեն ներկայացնի հայտարարագիր, ինչպես նաև առաջին հինգ տարվա ընթացքում հայտարարագրումից կազատվեն արտերկրից ստացվող եկամուտները:
Դրույթներից մեկով եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, որևէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի համար՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
ՀՀ ռեզինդետ համարվող քաղաքացիների համար, որոնք որևէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ առևտրային կազմակերպության բաժնետեր՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Արման Պողոսյանի հավաստմամբ՝ նախաձեռնության ընդունման նպատակադրումներից է նաև հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումը:
Հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել: Շեշտվել է նաև այն հանգամանքը, որ 2026 թ. սկզբից հանրապետությունում պետք է ապահովված լինի բնակչության համատարած համակարգչային գրագիտության միջին մակարդակ, ինչպես նաև համակարգիչների և ինտերնետի համատարած մատչելիություն:
Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արման Պողոսյանը նշել է, որ հարկային գործակալի ինստիտուտը կշարունակի իր գործունեությունը:
Մտքերի փոխանակության ընթացքում նաև բարձրաձայնվել է հայտարարագրման հանրային մատչելի իրազեկման անհրաժեշտությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հայտարարագրման համակարգը կնպաստի թիրախային, սոցիալական և հարկային քաղաքականության ներդրմանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում:
Հանձնաժողովի որոշմամբ հարցի վերաբերյալ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ: