Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Կոլումբիայի համալսարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը:
Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտներն ավելացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ միջազգային իրավական գործիքակազմի օգտագործման միջոցով, ինչպես օրինակ, հարկային մարմինների միջոցով ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման և դրա շրջանակի ընդլայնման միջոցով։
Միջոցառման ընթացքում հանդես են եկել մի շարք համաշխարհային համալսարանների պրոֆեսորներ և տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ վերջերս ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ պաշտոնապես մեկնարկել է «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագիրը: Այն հիմք է հանդիսանալու 2022-2024թթ. ՄԱԶԾ և ՊԵԿ միջև համագործակցությանը՝ խթանելով հարկային մարմնի կարողությունների հզորացմանը՝ պայքարելու հարկերից խուսափելու, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ: «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնությունը կարևորում է նաև հարկային դաշտը սոցիալական պարտավորությունների ընդլայնման տեսանկյունից՝ կառավարման ներկայացուցչական և արդյունավետ գլոբալ համակարգում: ՄԱԶԾ «Հարկային ոլորտը հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման նպատակներ» գլոբալ նախաձեռնության բաղկացուցիչ մասն է հանդիսանում։