Կարինե Մովսիսյանն իր Էլեկտրոնային հասցեից տպում է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատը, որը պետությունը տրամադրում է Արցախում վերաբնակեցված, ապա պատերազմից հետո տեղահանված ընտանիքներին:
Կարինե Մովսիսյան - Որևէ խնդիր չկար, մինչև սկսեցինք մոտենալ բանկերին ու հասկանալ, որ գրեթե 80 տոկոսիս համար էս ծրագիրը չաշխատող ծրագիր է:
Մանրամասնում է՝ շահառուներն անցնում են հիփոթեքային վարկավորման բոլոր չափանիշներով՝ բանկերը կանխավճար են ուզում, վարկային պատմությունն ու վարկունակությունը ստուգում:
70-80 տոկոսի վարկերը Արցախի կառավարությունը փակում է, բայց, միևնույն է, որոշակի գումարներ մնացել են, ու հայտնվել ենք սև ցուցակում:
Օրինակ՝ ինձ մոտ 250000 մնացել է, որ պիտի մարվի, տոկոս չի ավելանում հիմա:
Օրերս էլ հարցի լուծման ակնկալիքով Կառավարության դիմաց էին հավաքվել, սոցապնախարարի տեղակալի և ոլորտի այլ պատասխանատուների հետ հանդիպում ունեցան՝ պատմում է հանդիպմանը մասնակցած Կարինե Մովսիսյանը:
Շեշտում է՝ փոխնախարարը բոլոր խնդիրներին մանրամասն տեղյակ է: Խոստացել է՝ բոլոր հարցերը քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ հանդիպումից ու կառավարության մոտ տեղահանված արցախցիների հավաքվելուց առաջ էլ են խնդրի լուծմամբ զբաղվել:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական) - Վարկունակության գնահատում, տոկոսադրույք՝ մեր կողմից ամենօրյա պարբերականությամբ քննարկվում են բանկերի ու միության ներկայացուցիչների հետ:
Ունենք նոր գործընկեր բանկեր, որոնք պատրաստակամ են իրականացնել վարկավորում:
Երևանի դեպքում՝ մինչև 8 մլն, մարզերի դեպքում՝ մինչև 10 մլն, Արցախի դեպքում՝ մինչև 12 մլն է պետությունը մայր գումարից սուբսիդավորում, վերջերս էլ Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում գույք ձեռք բերելու պայմանները փոփոխվեցին՝ տուն գնելիս պետությունը կվճարի մինչև 14 միլիոն վարկի մայր գումար և 13 տոկոս տոկոսագումար, իսկ տունը կառուցելու դեպքում՝ մինչև 16 մլն դրամ և 13 տոկոս տոկոսադրույք: Նախարարությունից հայտնում են՝ բանկերն առայժմ սահմանամերձում տուն գնել-կառուցելու որևէ հայտ չեն ստացել:
Գայանե Ղարագյոզյան - Մեծ մասը նախընտրում է Հայաստանի մարզերում գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու տարբերակը:
Այս պահի դրությամբ՝ պոտենցիալ շահառուները 4045 ընտանիք են, շուրջ 13.000 քաղաքացի, 2800 արդեն ստացել են, 500-ը նույնականացվել են, սպասվում է Արցախից հաստատմանը, ևս 100 դիմում նոր է ստացվել:
Կնքված գործարք դեռ մեկն է, բայց տասնյակից ավելի ընտանիքներ դիմել են բանկեր, և գործընթացը ընթացքում է, կարծում եմ՝ դեկտեմբերի վերջ թիվը կավելանա:
Մեկ կնքված գործարք լինելու փաստը ցուցիչ է՝ ծրագիրը չի արդարացնում իրեն՝ շահառուների գնահատականն է:
1997 թ.-ից ամուսնու հետ Բերձորում տուն-տեղ դրած Կարինեն ռուսերեն է դասավանդել, եղել է Բերձորի մարզադպրոցի տնօրենը: Հիմա մարզում է տուն փնտրում, բայց ոչ հեռու բնակավայրերում, որ կարողանա նաև տեղում աշխատանք գտնել: Չնայած անորոշ վիճակին՝ իրեն մյուսների համեմատ մի քիչ էլ բախտավոր է համարում, մյուս տեղահանվածների նման վարձով տան փնտրտուքի մեջ չէ, տանտերը վարձը չի բարձրացրել, ըմբռնումով է մոտենում:
Կարինե Մովսիսյան - Կոնկրետ իմ աշխատողը՝ ձեռքի գնդակի մարզիչ Թամարը արդեն երեք անգամ բնակարան է փոխել, ու երեք անգամ դեպոզիտը մնացել է տանտիրոջը: Հիմա էլ որ վարձով ապրում են, ասել է՝ հունվարից թանկացնելու են, բավական մեծ ընտանիք է՝ թոռ, հարս, փեսա:
Արթուր Աֆյան - Ինչքա՞ն ժամանակ եք էս շենքում:
- 2 տարի:
Արթուր Աֆյանի ընտանիքը Քարվաճառից է տեղափոխվել, պետության աջակցությամբ արդեն 2 տարի է՝ այստեղ են ապրում: Սենյակներն ազատելու համար մինչև դեկտեմբերի 15-ը ժամկետ են տվել, եթե մինչև այդ բանկը գործարքը չանի, տունը ձեռք չբերի, չգիտի՝ ո՛ւր են գնալու:
2 օր առաջ, երեկ էլ ենք դիմել, ասեցին՝ գործարք չենք անում, երկուշաբթիից կարող ա անեն:
- Տարբեր բաներ են ասում, չկարողացա տոչնի իմանալ:
- Տունը գտել են, վաճառողն էլ 2 շաբաթ ժամանակ է տվել՝ որ ուրիշի չվաճառի:
- Մասիսի շրջանում Խաչփառ գյուղում բան ենք ընտրել:
- Տունն էդքան պիտանի չի, ես շինարար եմ, իմ ուժերով կսարքեմ, բայց հողամասը իմ դուրս եկել ա, կարելի ա ջերմոց դրած, այգի դրած:
- էդ գյուղում էլ էդ գնանոց էդ մի տունն ա, մյուսները 50-60 հազար են:
- Այս գտածի գինն էլ է 10 մլն-ից բարձր, դրա համար մեքենան վաճառել է, որդիներն էլ կօգնեն:
- 3 որդիներս զինվորական են, մեկը վիրավորվելուց հետո դուրս եկավ, 2-ը շարունակում են ծառայել:
- Նախկինում զինվորական է եղել, հետո Քարվաճառի էլեկտրացանցում՝ զոդող: Տեղահանվելուց հետո էլ Հայաստանում է գործ գտել՝ դժվարությամբ:
- 1,5 ա աշխատում եմ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն ենք սարքում, օրերս դադարեցրել են:
Մտահոգությունները նաև նախընտրած տան գնահատման հետ են կապված, շատ արցախցիներ նաև այդ խնդրին են բախվել, երբ վաճառողը 10 մլն է ասում, բանկի կողմից լիազորված կազմակերպությունը այն գնահատում է, օրինակ՝ 6 մլն:
Խնդիրը վաճառողի դաշտում է, գտնվել են անբարեխիղճ վաճառողներ, որոնք բարձր են գնահատել տունը, գնահատումը արվում է շուկայական արժեքներին համապատասխան:
Ստացվում է՝ վաճառողը անբարեխիղճ է, պետությունն այս դեպքում՝ առանց գործիքակազմի, տուժողը՝ տուն-տեղ կորցրած արցախցին: Նախարարությանը փոխանցում ենք նաև արցախցիների առաջարկը՝ վկայականների փոխարեն այդ գումարով որևէ մարզում թաղամաս կառուցել ու տները տրամադրել: Վստահեցնում են՝ քննարկել են, այդպես գործընթացը ավելի երկար կտևի: Բացի այդ, պետությունը միանվագ չի կարողանա անել, իսկ 10 տարվա ընթացքում հնարավոր է:
Ավելացնում է՝ երբ շահառուները բնակարաններով ապահովված լինեն, աշխատանքի, զբաղվածության կազմակերպման համար ևս աջակցության ծրագրեր կլինեն: Այս պահին հարցը քննարկման փուլում է: Մինչ այդ առաջնայինը նախ տների հարցը լուծելն է:
Շաբաթվա վերջին նախարարությունից տեղեկացրին՝ արձանագրված խնդիրների քննարկումը փոխվարչապետի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն տեղի է ունեցել, մանրամասները շահառուներին փոխանցել են: Ըստ վերջին քննարկումների արված փոփոխության՝ եթե բնակարանը տրված աջակցությունից ավելի ցածր արժեք ունի, մնացած գումարը շահառուները կկարողանան ծախսել նորոգման կամ հողամասի ձեռքբերման համար: Ըստ վերջին փոփոխության՝ նաև ընտանիքի միայն մեկ չափահաս անդամի վարկային լավ պատմությունն էլ բավական կլինի հիփոթեքը ձևակերպելու համար: Իսկ եթե բոլոր անդամներն էլ 100.000, ավելի շատ կամ ավելի քիչ գումարի պատճառով ամեն դեպքում սև ցուցակո՞ւմ են՝ շահառուների արձագանքն է փոփոխություններին: Ակնկալում էին, որ գոնե այդ գումարները կսառեցվեին: Շահառուների պնդմամբ՝ չլուծված են մնացել նաև կանխավճարի չափի ու վարկունակության հարցերը: Հիմա քննարկում են՝ էլի գնալ Կառավարություն՝ ավելի բարձր օղակի պաշտոնյայի հետ հանդիպելու ակնկալիքով: Ի դեպ, հավաստագրերը վավեր են ստանալու պահից 12 ամիս:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան