Եռագույնը պարզած փոքրիկի գյուղը Այգեպարն է, որն ադրբեջանական զինուժը թիրախավորեց 2020-ի հուլիսին:
Գնդակոծված գյուղը վերականգնվեց պետության ջանքերով: Այգեպարցի Բենիկ Անիկյանը մասնակցել է ծննդավայրի պաշտպանությանը, այստեղ կառուցում է երկրորդ տունը, վստահեցնում՝ ընտանիքի ապագան տեսնում է միայն Այգեպարում:
Բենիկ Անիկյան (Այգեպարի բնակիչ) - Սարքել եմ, որ մնամ էլի:
Մինչև շինարարները կավարտեն գործը, գազօջախին պատրաստվում է նրանց ընդմիջումը: Ճաշ եփել, պահածո պաստրաստել, օղի թորել, թե տունը ջեռուցել. ցուրտ եղանակին մեծանում է ծախսը: Գազի, հոսանքի վարձի մասնակի փոխհատուցմամբ պետությունը փորձում է թեթևացնել սահմանին ապրողների հոգսը:
Էլմիրա Ստեփանյան (Այգեպարի բնակիչ) - Կոմունալի փողերը, որ իրանք տան կիսով չափ, քիչ գումա՞ր ա թոշակառուից:
Գնել Խաչատրյան (Այգեպարի բնակիչ) - Եթե, խոսքի` մի ամսում գազը, լույս վառում եմ 5000 դրամ, 2500 դրամ փող եմ տալիս: Էլի օգնում ա, էլի: Պետությունն օգնում ա:
Հայաստանի 23 համայնքի Ադրբեջանին սահմանակից 82 բնակավայր օգտվում է սոցիալական այս աջակցությունից:
Սահմանամերձ բնակավայրերում գազի, հոսանքի, անշարժ գույքի հարկի ու ոռոգման ջրի վարձավճարի սուբսիդավորման համար պետությունը 2021-ին հատկացրել է 1 մլրդ 152 մլն դրամ, նույնքան գումար նախատեսված է այս տարվա համար:
Աննա Իվանյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ) - Էլեկտրաէներգիայի դեպքում հաշվարկը կատարվում է 1440 կվ/ժ էլեկտրաէներգիայի 50 տոկոսի չափով, դա տարեկանն է, բնական գազի դեպքում՝ 360 խմ-ի 50 տոկոսի չափով՝ տարեկան կտրվածքով, ոռոգման ջրի դեպքում՝ սահմանափակում չկա, դրանք բոլորը 50 տոկոս են, անշարժ գույքի հարկի դեպքում դա ամբողջական փոխհատուցում է:
Անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում է տրամադրվում 54298 ֆիզիկական և իրավաբանական անձի: 50 տոկոս զեղչվում է 26303 բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի, 13335 բնակչի սպառած բնական գազի գումարը:
Ոռոգման ջրի դեպքում աջակցությունից օգտվում է 4022 ֆիզիկական և իրավաբանական անձ:
Աննա Իվանյան - Ընդ որում՝ հաշվարկը համայնքի վարչական տարածքում գտնվող մարտական գործողությունների ընթացքում տուժած, նաև հակառակորդի կողմից գնդակոծման ենթակա գյուղատնտեսական նշանակության, նաև բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի վրա հողի հարկի և այդ հողի վրա կառուցած շինության վճարման ենթակա գույքի տարեկան գույքահարկը ֆիզիկական, իրավաբանական անձանց անունից համայնքային բյուջե է վճարվում կառավարության կողմից:
Չգազիֆիկացված սահմանամերձ համայնքների բնակիչներին ևս աջակցում է պետությունը՝ տարեկան 180 խ/մ գազի չափով էլեկտրաէներգիա հատկացնելով:
Աննա Իվանյան - Փոփոխությունը նախատեսվում է այնպես, որ գումարը հետ է գնում պետական բյուջե, որ այդ ավելի գումարը նպատակային լինի կառավարության կողմից, զուտ էդ հաշվարկներն են կատարվում: Կոպեկ-կոպեկ ինչ ծախսվում է, հաշվետվությունը տալու ժամանակ ֆիքսվում է վերջնական գումար, ինչքան ծախս ենք ունեցել, մնացածը հետ է վերադարձվում պետական բյուջե:
Մինչև 80 տոկոս զեղչվում է սահմանամերձ բնակավայրերի ուսանողների վարձավճարը: 2021-ին տրվել է 220 մլն դրամի աջակցություն, արտոնությունից օգտվել է 850 ուսանող: Տավուշից Մարիամ Մամյանն ապագա միջազգայնագետ է, ուսման վարձը տարեկան 780 հազար դրամ է:
Մարիամ Մամյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) - Պետությունը տարեկան փոխհատուցում է իմ վարձը 60 տոկոսի չափով: Տարեկան 780 հազարի փոխարեն ես ընդամենը վճարում եմ 310 հազար դրամ: Սա շատ լավ հնարավորություն է, որ ընձեռում է պետությունը՝ սովորել իմ սիրած բաժնում, առանց մտահոգվելու ուսման վարձի մասին: Շահագրգռում է, որ լավ սովորեմ, որովհետև փոխհատուցումը կախված է ՄՈԳ-ից:
Ճամբարակցի Գայանե Խաչատրյանը սովորում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, նրա դեպքում Կառավարությունը տրամադրում է ուսման վարձի 50 տոկոսը:
Գայանե Խաչատրյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող) - Այսինքն՝ 300 հազար դրամը, որն իսկապես մեծ օգնություն է, գումարի մնացած մասով էլ կարողանում եմ հոգալ մնացած ծախսերը Երևանում:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանում են ուսանողները, որոնք վերջին 5 տարում մշտապես բնակվել և դպրոցն ավարտել են տվյալ սահմանամերձ համայնքում: Ուսման վարձը զեղչվում է ոչ միայն պետական, այլ նաև հավատարմագրված ոչ պետական, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների համար:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Նախկին կարգավորումով միայն բարձր առաջադիմությամբ ուսանողներն էին ստանում 60 տոկոս փոխհատուցում, բայց վերջին երկու տարիներին մշակել ենք կարգը, և, անկախ ամեն ինչից, առաջադիմության պահանջը առաջնային ենք դարձրել:
Տիգրան Գալստյան (ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ) - Բակալավրի և ինտեգրված կրթական ծրագրերի համապատասխան մասնագիտության 1-ին կուրսում ուսանողները ստանում են մասնակի փոխհատուցում՝ բուհի կողմից սահմանված վարձի 50 տոկոսի չափով աջակցություն, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում՝ մինչև 80 տոկոս՝ կախված առաջադիմությունից:
Սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատվել է 2014-ին, հետագայում որոշակի փոխվել: Վերջին ռազմական գործողություններից հետո ցանկն ընդլայնվել է, իսկ այս տարի ներառվել է նաև Սյունիքի Վարդավանք համայնքը: Սահմանամերձ են Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց ձորը, Արարատը: Բացի 82-ից, կան նաև այլ համայնքներ, որոնք սահմանակից են Ադրբեջանին, բայց աջակցության ցանկում դեռևս ընդգրկված չեն: Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանի խոսքով՝ Կառավարությունը քննարկում է ցանկն ընդլայնելու հարցը:
Աննա Իվանյան - Որպեսզի կարողանանք հասկանանք՝ ինչ ունենք և ինչ էլ ավելին կարող ենք անել: Որ կարողանանք գտնել մեխանիզմներ, հասկանանք՝ էլ ինչ մոտեցում կարող ենք ցուցաբերել համասոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ընդլայնելու և միգուցե ավելի գլոբալ քայլեր կատարելու համար:
Սահմանամերձի բնակչին պետությունն օգնում է նաև գյուղատնտեսական մի շարք ծրագրերով, արտոնություն տալիս խելացի անասնաշենք, ջերմոցային տնտեսություն հիմնելու, լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերելու, տավարաբուծության զարգացման ծրագրերի համար՝ տրամադրելով անտոկոս վարկեր կամ սուբսիդավորում վարկերը: Սահմանամերձին տրվող պետական աջակցության ծրագրերն այս տարի ևս մեկով ավելացան: Սահմանամերձ համայնքներում առաջիկա երկու տարում հնարավոր է տուն կառուցել պետական աջակցությամբ: Աջակցություն կտրամադրվի հիփոթեքի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և մինչև 13%-ի հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
Ծրագրից Կառավարության ակնկալիքները մեծ են՝ բնակֆոնդի թարմացումից մինչև մարդկանց հոսք ու նորաստեղծ ընտանիքների ավելացում սահմանին: