Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ այս տարի աննախադեպ՝ 82.7 տոկոս աճ է գրանցել 9 ամսում: Գումարային ծավալը կազմել է 3 մլրդ 371 մլն դոլար, որի առյուծի բաժինը Ռուսաստանինն է՝ 3 մլրդ 207 մլն դոլար: Ընդ որում՝ էական տարբերվում են արտահանման և ներմուծման մասով գրանցված փոփոխությունները:
Ներմուծումն աճել է ավելի քան կիսով չափ, իսկ արտահանումը՝ 2.4 անգամ: Հիմնական արտահանված ապրանքներն են՝ ալկոհոլային խմիչքները, ընկուզեղենը, թարմ և սառեցված պտուղ-բանջարեղենը, ադամանդը, դեղամիջոցները: Ներմուծված հիմնական ապրանքներն են՝ գազը, վառելիքը, կաթնամթերքը:
Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Եթե մենք համեմատենք նախորդ տարվա թվերը և էս տարվա թվերը, ապա կտեսնեք շեշտակի աճ բոլոր ոլորտների, որի շրջանակում մենք միշտ համագործակցել ենք ԵԱՏՄ գործընկերների հետ:
ԵԱՏՄ-ին անդամակցելու սկզբնական շրջանում՝ 7 տարի առաջ, Հայաստանը հավասարաչափ առևտրաշրջանառություն ուներ նաև Եվրամիության հետ՝ նշում են մասնագետները:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Հարաբերակցությունը փոխվել է, եթե 7 տարի առաջ ԵՄ-ի և ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը ՀՀ ապրանքաշրջանառության մեջ հավասար էր իրար՝ 25-ական տոկոս, ապա 22 թվականին էդ հարաբերակցությունը էականորեն փոխվել է հօգուտ ԵԱՏՄ երկրների:
Հայաստանն այս պահին ԵԱՏՄ-ում աշխատում է արտահանման շուկան ավելի դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ նշում են էկոնոմիկայի նախարարությունից, հիշեցնում՝ այս պահին արտոնյալ առևտրային ռեժիմներ կան Սերբիայի և Վիետնամի հետ:
Հասմիկ Սարգսյան (ՀՀ ԷՆ միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ) - Գործում է առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր Չինաստանի հետ, և նաև հիմա բանակցային փուլերում են գտնվում և նաև ուսումնասիրման փուլերում ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը ԵԱՏՄ շրջանակներում, Իրանի հետ կար ազատ գոտու համաձայնագիր, հիմա հիմնական ազատ համաձայնագրի ուղղությամբ՝ Եգիպտոսի, Իսրայելի, Ինդոնեզիայի և Հնդկաստանի:
Այս տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում նաև առանձնանում է ավելի շատ վճարած և ավելի քիչ ստացած մաքսային մուտքերի առումով: Գործող պայմանագրի համաձայն՝ մեր երկիրը ստանում է միության մաքսային ընդհանուր մուտքերի 1.22%-ը։ Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից 84 միլիարդ դրամով պակաս գումար է ստանալու, այնինչ տարեսկզբին ակնկալվում էր 115 մլրդ դրամի եկամուտ: Պատճառը, ըստ մասնագետների՝ ԵԱՏՄ անդամ 2 երկրների տնտեսական ոչ այնքան լավ վիճակն է:
Հասմիկ Սարգսյան - 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ին հատկացվել է 92 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցվել 207 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով, որ մուտքերն ու ելքերը անհամաչափ են և հաշվեկշռված չեն, ներկայումս աշխատանքներ են վարվում արդարացի մեխանիզմ մշակելու ուղղությամբ:
Երբ Հայաստանի համար նախկինում տոկոս է ֆիքսվել, այդ ժամանակ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ մեր երկիրը նման աճի ներուժ կարող է ունենալ՝ նշում է Վաղարշակ Հակոբյանը:
Վաղարշակ Հակոբյան - էնտեղ դրույքաչափերի ավելացման խնդիր կա տոկոսների մասով, և ՀՀ-ի կողմից լիազորված անձինք և պատկան մարմինները այդ հարցով զբաղվում են, ինչպես նաև մենք մեր գործուն մասնակցությունն ենք ունենում այդ բոլոր փոփոխություններին և, այո՛, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ մասով ՀՀ-ն լինի ավելի շահեկան վիճակում:
Ըստ Արմեն Քթոյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրները հասկանում են, որ ներկա տվյալները կարճաժամկետ են, և նման արագ աճը սովորական պայմաններում լինել չէր կարող, այդ իսկ պատճառով պետք չէ սպասել տոկոսադրույքի փոփոխության, քանի որ այս ամենի արդյունքում, միևնույն է, Հայաստանը մեծ օգուտներ է քաղել: Մասնագետը մեկ այլ հանգամանք է նշում՝ միայն թվերը չէ, որ Տնտեսական միության մեջ կարևոր են, կան մի շարք առանցքային գործոններ ևս:
Արմեն Քթոյան - ԵԱՏՄ շրջանակներում այս թվերը, որոնք որ կան, առևտրի ակտիվացում և այլն, սա, օրինակ՝ նոր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպմանը նպաստե՞լ է ՀՀ-ում, թե՞ ոչ, բիզնես մշակույթի զարգացմանը նպաստե՞լ է, թե՞ ոչ, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նպաստե՞լ է, թե՛ ոչ, ՀՀ-ի գլոբալ մրցունակության մեր տնտեսության ավելացմանը նպաստե՞լ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ այստեղ պատասխանն ավելի շատ ոչ է, քան այո:
Սակագնային քվոտաներ, պարենային անհրաժեշտ ապրանքներ, ըստ Վաղարշակ Հակոբյանի, ԵԱՏՄ-ն Հայաստանի համար այս պահին բավականին շահեկան են:
Վաղարշակ Հակոբյան - Մենք էս պահին և, ընդհանրապես, որևէ գործառութային այլընտրանք չունենք և մենք պետք է մաքսիմում, մաքսիմալ կերպով օգտագործենք ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները, ինչը մենք, ըստ էության, անում ենք:
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ում դեռևս մի շարք գլոբալ հարցեր կան, որոնք ըստ մասնագետների լուծում չեն ստանում՝ պայմանավորված հիմնականում քաղաքական գործոններով, խոսքը՝ գազի ընդհանուր շուկայի, միասնական արժույթի մասին է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան