386 հոդված և 358 էջ. 5 տարի առաջ Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծավալն է: Երևան-Բրյուսել գործակցության իրավական հիմք դարձած փաստաթուղթը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի համոզմամբ, նոր թափ է հաղորդել Եվրամիության հետ մեր երկրի հարաբերություններին:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Այն նախատեսում է ամենալայն շրջանակ համագործակցության՝ սկսած բարեփոխումներից, ժողովրդավարությունից, վերջացրած տնտեսության գրեթե բոլոր ոլորտներով:
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, նշում՝ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամենակայացածն է:
Հովսեփ Խուրշուդյան (Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող) - Պատահական չէ, որ Հայաստանը նաև դրա շնորհիվ, քանի որ քաղհասարակությունը մեծապես ազդում է նաև պետության, և՛ գործելաոճի, և՛ նաև ներքին ընթացակարգերի վրա, Հայաստանն իր ցուցանիշներով՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, առաջինն է այդ վեց երկրների, բոլորի՝ այդ թվում նրանց, որոնք արդեն ստացել են անդամության կարգավիճակ ԵՄ անդամության, այսինքն՝ Ուկրաինայի, Մոլդովայի:
2021 թվականի մարտից ուժի մեջ մտած համաձայնագրի կիրարկման գործընթացում Խուրշուդյանը հավելյալ ակտիվություն է ակնկալում: Եվրամիության հետ գործակցության հարցում կառավարությունից սպասումները շատ են, որովհետև Հայաստանի ներուժն է մեծ՝ նշում է փորձագետը, որպես փաստաթղթի կիրարկման անհրաժեշտ բաղկացուցիչ ընդգծում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալը: Այն Հայաստանը ստորագրել է, սակայն դեռ չի վավերացրել:
Հովսեփ Խուրշուդյան - Հռոմի ստատուտը հնարավորություն է տալիս, որ եթե քո տարածքում ռազմական հանցագործություններ են կատարվել, դու անմիջապես կարող ես դիմել, և այդ հարցերը կքննվեն, անկախ նրանից, թե ով է այդ ռազմական հանցագործությունն արել: Մենք տեսանք արդեն, իմ առաջարկն է դա եղել մինչև սեպտեմբերյան ագրեսիան, մենք տեսանք արդեն, թե այդ ագրեսիայի ժամանակ ի՛նչ ռազմական հանցագործություններ գործեցին:
Համաձայնագրի կիրարկման համար նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ճանապարհային քարտեզ. այն ներառում է մոտ 300 միջոցառում:
Պարույր Հովհաննիսյան - Փոքր և միջին բիզնեսին աջակցությունն է, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, նորարարական տեխնոլոգիաներ և գիտություններ՝ նոր ոլորտ Եվրամիության հետ մեր հարաբերությունների կոնտեքստում: Վերահսկվում է այդ ամբողջ գործընթացը Հայաստան-Եվրամիությունը գործընկերության խորհրդի կողմից:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո հատկապես ակտիվացել է Եվրոպական միության հետ մեր երկրի քաղաքական երկխոսությունը: Այն այժմ աննախադեպ բարձր մակարդակի վրա է՝ ընդգծում են թե՛ պաշտոնյաները, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում փոխարտգործնախարարը կարևորում է ոչ միայն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, այլև Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:
Պարույր Հովհաննիսյան - Դիտորդները պարբերաբար զեկուցում են իրավիճակի վերաբերյալ: Մենք կարող ենք վստահ լինել, որ Եվրամիությունը և իր անդամ երկրները շատ ավելի տեղյակ են այժմ, թե ինչ է իրականում տեղի ունենում՝ շնորհիվ այդ զեկույցների:
Թեև Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ կրակում են նաև դիտորդների ժամանելուց հետո, Խուրշուդյանի համոզմամբ, այդ միջադեպերը բանակցային գործընթացում բացասաբար կազդեն Ադրբեջանի վրա:
Հովսեփ Խուրշուդյան - Իրենց ներկայությունը, հիմնականում, լայնածավալ էսկալացիա թույլ չտալն է, որովհետև նման դեպքում ուղղակի իրենք գնահատական կտան, որ Ադրբեջանն ագրեսոր է:
Քաղաքացիական դիտորդական առաքելության առկայությունը, այնուամենայնիվ, նվազեցրել է միջադեպերի թիվը՝ ընգծում է Պարույր Հովհաննիսյանը, հավելում՝ Հայաստանը կողմ է առաքելության ժամկետի երկարաձգմանը:
Պարույր Հովհաննիսյան - Հարցը քննարկվում է Եվրամիության կողմից, և տարվա վերջում համապատասխան որոշում, կտեսնենք, պետք է, որ ընդունվի:
Հովսեփ Խուրշուդյան - Ես կարծում եմ, որ նաև Ալիևի մերժումը՝ Մակրոնի ներկայությամբ շարունակել բանակցությունները, այն մտահոգությունն ուներ, որ Մակրոնը պնդելու էր, որ դա տեղի ունենա, որովհետև մենք տեսնում ենք, որ որևէ առաջընթաց խաղաղության պայմանագրի շուրջ չկա, ինչը խոչընդոտում է և սաբոտաժի է ենթարկում հենց Ադրբեջանը:
Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում մյուս կարևոր թեման Շենգենյան գոտու երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկումն է: ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման մասին պայմանագիրը ստորագրվել է շուրջ 10 տարի առաջ, սակայն դեռ չի մեկնարկել վիզաների ազատականացման շուրջ երկխոսության փուլը:
Պարույր Հովհաննիսյան - Պետք է սկսեինք տարիներ առաջ, սակայն եղան մի շարք զարգացումներ, որոնք բացասական ազդեցություն ունեցան: Դա թե՛ քովիդի համաճարակի ազդեցությունն էր, թե՛ բարդ աշխարհագրական զարգացումները, նախևառաջ՝ Ուկրաինայում ճգնաժամը, և համապատասխան միգրացիոն ռիսկերը:
Գործընթացի մեկնարկի համար մի շարք անհրաժեշտ բանակցություններ ավարտվել են, շարունակվում են աշխատանքները ԵՄ անդամ որոշ երկրների հետ: Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ հարցն արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է: Որոշ քայլեր էլ պետք է իրականացնեն գործընկեր գերատեսչությունները:
Պարույր Հովհաննիսյան - Դրանցից մեկը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդնումն է: Ակնկալում ենք, որ մինչև հաջորդ տարվա վերջը կհաջողվի ավարտել նաև այդ գործընթացը, ինչը կնպաստի այդ հարցին:
Վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացում Հայաստանի փոխարտգործնախարարն արդեն հաջորդ տարի առաջընթաց է ակնկալում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան