Երևանում գործում է 162 մանկապարտեզ: Նախակրթական այս հաստատություններ ընդհանուր առմամբ հաճախում է մոտ 25 հազար երեխա: Եվս 9 հազարը սպասում են մանկապարտեզ ընդունվելու իր հերթին: Ստացվում է՝ յուրաքանչյուր մանկապարտեզ միջինը ունի 155 սան, ու այս հերթը կարող էր չառաջանալ, եթե լիներ ևս 58 մանկապարտեզ:
Նախորդ տասնամյակներում թե քանի մանկապարտեզ է փակվել ու մասնավորեցվել՝ պետական մարմինները չեն հաշվառել: Այնպես որ, ամփոփ տվյալներ էլ չկան:
«Հետք» պարբերականը հետաքննության միջոցով պարզել էր լուծարված 87 մանկապարտեզի մասին: Ազատված տարածքները հաճախ փոխանցվել են ժամանակի այս կամ այն պաշտոնյային ու նրանց փոխկապակցված անձանց:
Ռինա Ավետիսյան (Երևանի համար 13 մանկապարտեզի տնօրեն) - Եվ հերթն էլ բավականին շատ է եղել միշտ: Սպասող ծնողները եղել են և կան:
Երևանի համար 13 մանկապարտեզը տիպային չէ: Գտնվում է բնակելի շենքի առաջին ու երկրորդ հարկերում: Այստեղ 107 երեխա է հաճախում: 13-ը հերթագրված են: Օրվա մեծ մասը երեխաներն անցկացնում են նեղլիկ միջանցքներով ու փոքր խմբասենյակներով տարածքում՝ առանց ազատ տեղաշարժվելու ու սոցիալական հեռավորություն ունենալու, շատերն էլ՝ առանց քնելու հնարավորության, որովհետև խմբասենյակում մահճակալների տեղ չկա: Մինչդեռ հաճախ քնելու կարիքը նրանք զգում են, ու ինչպես պատմեցին՝ սեղանին հենված են քնում:
Ռինա Ավետիսյան - Տարածքները իհարկե փոքր են, առողջապահության նախարարության պահանջներին գուցե չենք բավարարում, բայց կրթական աշխատանքները կարողանում ենք իրականացնել:
Ընդհանուր առմամբ 12 քմ պիտի յուրաքանչյուր երեխա ունենա, բայց խմբասենյակում 4 քմ: Ձեզ մոտ իրավիճակը ինչպիսի՞ն է:
Մեզ մոտ իրավիճակը մի քիչ այլ է, քանի որ նշեցի՝ մանկապարտեզը հարմարեցված է, և մենք հենց հարմարեցնում ենք մեր աշխատանքները մեր մանկապարտեզի պայմաններին:
Ծնողներին նախապես զգուշացնում են՝ երեխան միջին ու ավագ խմբերում չի քնելու: Ոմանք դրանից նույնիսկ գոհ են լինում, ոմանք էլ քնելու ժամին նրան տուն են տանում:
Երեխա - Հա, քնում ենք, բայց ես չեմ քնում, որովհետև իմ մաման բերում ա: Ում մաման բերում ա, ինքը չի քնում:
- Տանում ա՝ այսինքն:
- Հա՛, ես չեմ դնում սեղանին գլուխը: Ես չեմ քնում այստեղ, ես քնում եմ տանը:
Տնօրենն ասաց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ որոշ ծնողներ դժգոհել են այս իրավիճակից: Հիմա ելքեր են փնտրում՝ վերադասավորվող մահճակալներ կամ ներքնակներ ունենալու:
Ռինա Ավետիսյան - Քնի պրոցեսը շատ կարևոր է, և շատ կարևորում ենք նրանց և նյարդային համակարգի ու ընդհանրապես հոգեվիճակի ճիշտ զարգացման համար:
Թեպետ մանկապարտեզ ընդունվելու հերթին սպասող երեխաներ մշտապես են եղել ու անգամ թերբեռնված հաստատություններ լինելու դեպքում կարելի էր վերաբաշխում անել, ժամանակի իշխանությունները նախընտրել են լուծարել նախակրթական բազմաթիվ հաստատություններ՝ ընդհուպ մինչև 2012 թվականը:
Փակված մանկապարտեզներից առնվազն 14-ը եղել են Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արաբկիրում: Մեր այցելած հաստատությունը երկու վարչական շրջանների սահմանային հատվածում է:
Արմինե Մանուկյան (Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար) - Քնելու խնդիրը այսօր շատ արդիական է՝ ելնելով նաև ընդհանուր սթրեսածին իրավիճակից: Քունը երեխայի համար խիստ կարևոր և անհրաժեշտ գործընթաց է, չկա որևէ այլ բան, քան քունը, որը վերականգնում է երեխայի էներգիան, որը նա կորցնում է օրվա ընթացքում:
Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի ղեկավարի դիտարկմամբ՝ նեղվածք մանկապարտեզներում երեխայի համար անձնական տարածք չապահովելը նույնպես խնդիրներ է առաջ բերում:
Արմինե Մանուկյան - Մենք ձևավորում ենք մի մարդ, որը հետագայում ունենում է ինքնագնահատականի խնդիր, ունենում է սոցիալականացման և այդ սոցիալականացման գործընթացում՝ ինքնադրսևորման խնդիր, ինքնիրացման խնդիր, որովհետև անձնական տարածքում մարդը ավելի եսակենտրոն է, ինքն իր վրա, բայց եթե նա չունի այդ անձնական տարածքը, նա ավելի հակված է իրեն ճանաչելու, իրեն հոգեբանորեն հասկանալու կողքինների վերաբերմունքից:
Եթե տարածքը փոքր է, երեխաները՝ շատ, դաստիարակի ուշադրությունն էլ, Արմինե Մանուկյանի խոսքով, չի կենտրոնանում բովանդակության վրա:
Արմինե Մանուկյան - Դաստիարակը ընդամենը այդ տարածքում փորձում է այնպիսի վերադասավորումներ անել կամ երեխաներին այնպես նստեցնել, պառկեցնել, կանգնեցնել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի, մեկը մյուսի անձնական տարածք չմտնի: Սա պահանջում է որոշակի ժամանակ և, ինչու չէ, նաև նյարդեր, հետևաբար արդեն դաստիարակը չի կարողանում լիարժեք կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք որ դրված են դաստիարակի առաջ լուծելու, իսկ դրանք են, իհարկե, նախադպրոցական երեխաների ոլորտային զարգացումը, այսինքն՝ իմացական զարգացումը, նրանց հուզական ոլորտի զարգացումը, խոսքի զարգացումը և այլն, և այլն:
Մանկավարժական համալսարանի մասնագետը դրական կողմ էլ է նշում՝ փոքր տարածքում շատ երեխաներ լինելու պարագայում նրանք ավելի շփվող են լինում, հաղորդակցական կարողությունները ավելի հեշտ են զարգանում:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է՝ մանկապարտեզում քնելու հնարավորություն չունեցող երեխաները մեծ թիվ չեն կազմում, այդ պատճառով էլ նման վիճակագրություն չունեն:
Մարգարիտ Խաչատրյան (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ) - Հենց հիմա էդ փուլում ենք, մի քանի մանկապարտեզների պարագայում լուծումներ ենք փնտրում՝ անշուշտ կարևորելով նաև երեխաների քնի ռեժիմը: Բայց, ցավոք, այո՛, ունենք այդպիսի մանկապարտեզներ, որտեղ որոշակի տարիքային խմբի երեխաներ չեն քնում:
Երևանում նոր մանկապարտեզների կառուցում առայժմ ծրագրված չէ: Այստեղ առաջնահերթությունը տրվում է գործող մանկապարտեզները հիմնանորոգելուն: Այդ աշխատանքները մեծ թափով իրականացվում են 23 նախակրթարանում: Դրանց մեծ մասը կվերաբացվի մյուս տարի:
Որքան կվերաբացվի, մոտավորապես նույնքան կկանգնի հիմնանորոգման, այսինքն՝ մեծ բան այս պահին չի փոխվի մոտ ապագայում արդեն:
Քաղաքապետարանը հաշվարկել է, որ 2025 թվականին Երևանում այլևս չեն լինի վերանորոգման կարիք ունեցող մանկապարտեզներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան