Ապօրինի ջրօգտագործման հերթական դեպքը՝ Արմավիրի մարզում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է Մյասնիկյան գյուղում բացահայտել, որ ջուրն օգտագործվում է թռչնաբուծարանի կարիքների համար: Այսպիսի դեպքեր մարզային տեսուչները վերջերս բացահայտել էին նաև Արմավիրի Ապագա, Արարատի Հովտաշատ և Արագածոտնի Քուչակ բնակավայրերում: Թե երբ ու որքան ժամանակ են իրականացվել ապօրինի գործողությունները, որքան է պետությանը պատճառված վնասը՝ մասնագետներն ուսումնասիրում են:
Աշոտ Գևորգյան (ԲԸՏՄ ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ) - Ապօրինի ջրօգտագործում հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցվում է տվյալ գործողությունը:
Հաջորդ քայլով տեսուչները կապարակնքում ու արձանագրություն են կազմում: Խախտումներ են հայտնաբերվել նաև այն տնտեսվարողների մոտ, որոնք թեև ունեցել են թույլտվություն, բայց գերազանցել են ջրի օգտագործման սահմանված քանակը: Այդ ընկերությունները նույնպես տուգանվել են:
Աշոտ Գևորգյան - 2022 թվականի ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրօգտագործման 7 դեպք և անմիջապես կասեցվել է տվյալ գործողությունը, հետագայում թվով 5 տնտեսվարողներ օրենսդրական դաշտ են մտել, և 5-ի կասեցման որոշումը վերացվել է:
Պատասխանատու գերատեսչությունից ապօրինի ջրառ իրականացնող ընկերություններին հորդորում են օր առաջ գալ օրենքի դաշտ, թույլտվություն ստանալ և սահմանված չափանիշներին համապատասխան օգտագործել ջուրը, հակառակ դեպքում ինչպես խորքային, այնպես էլ ստորգետնյա եղանակով օգտագործվող ջրի օգտագործումը կկասեցնեն ու պատասխանատուներին կտուգանեն:
Աշոտ Գևորգյան - Մինչև 2022 թվականի հուլիս ամիսը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ապօրինի ջրօգտագործման համար նախատեսված էր իրավաբանական անձանց համար 300.000 դրամի վարչական տույժ: Ներկայումս ուժի մեջ է մտել այդ նույն արարքի համար 500 000-ից 800 000 դրամի տույժը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի ջրօգտագործման կասեցման լիազորություն օրենքով ստացել է նախորդ տարվա հոկտեմբերից, գերատեսչությունում նշում են, որ մոտ մեկ տարում չնայած ընդամենը 7 դեպք է բացահայտվել, բայց չի բացառվում, որ ապօրինի ջրառի դեպքերն ավելի շատ են: