Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին:
Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ Է ԱԶԴԵԼ ԵՄ-Ի ԵՎ ԱՄՆ-Ի ՎՐԱ. ՄԻՇԵԼ
Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը տարբեր է Եվրամիության և ԱՄՆ-ի վրա: Այդ մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «ԱՄՆ-ը էներգառեսուրսների արտահանող է, իսկ Եվրամիությունը տառապում է բարձր գներից: Մենք տնտեսական անկման վտանգի առաջ ենք: Եվրոպական ձեռնարկություններն ավելի շատ են վճարում էներգիայի համար և բախվում են ամերիկյան ձեռնարկությունների մրցակցությանը»,- ասել է Միշելը: Չինաստան կատարած այցի մասին Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ուղևորությունն անհրաժեշտ էր:
«Չինաստանը չափազանց կարևոր գլոբալ խաղացող է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Նա կապեր ունի Ռուսաստանի հետ։ ԵՄ-ն ունի կարևոր տնտեսական շահեր և կապ մատակարարման շղթաների հետ»,- ընդգծել է Միշելը։ Նրա խոսքով՝ «Եվրամիությունը չի կարող վերածվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության մանրադրամի»:
12 ԵՐԿՐՈՒՄ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ. ԿՈՒԼԵԲԱ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտնել է 12 երկրներում ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի հասցեին հնչած սպառնալիքների հետ կապված՝ դեսպանների հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին:
«Մինչ այս պահը 12 երկրում սպառնալիքի 18 դեպք է արձանագրվել: Իսպանիայում ահաբեկչության փորձ, կենդանիների պոկված աչքերի տեսքով սպառնալիքներով փաթեթներ Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, Վատիկանում, Ֆրանսիայում, ականապատման մասին հաղորդագրություններ Ղազախստանում, ինչպես նաև կասկածելի նամակ ԱՄՆ-ում»,- հայտնել է Կուլեբան: Նրա կարծիքով՝ այդ կերպ «ահաբեկիչները փորձում են վախեցնել ուկրաինացի դիվանագետներին և թուլացնել ու վախեցնել Ուկրաինան»։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՄՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՌՄԲԱԿՈԾԻՉԸ
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել: Defense News պարբերականի տվյալով՝ B-21-ին նախորդած B-2 Spirit ինքնաթիռի ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին։ Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում՝ Փալմդեյլի Northrop Grumman-ի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը: Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե չկա որևէ ուժ, որը կկարողանա օդում որսալ նորագույն ռմբակոծիչը:
Կորպորացիայից հայտնել են, որ սա վեցերորդ սերնդի առաջին ռմբակոծիչն է աշխարհում։ Այն կարող է զինամթերք կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սարքավորումներով: Ինքնաթիռն աշխատում է նաև ամպային տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ստեղծել իր «թվային երկվորյակը»՝ մարտական առաջադրանքների կատարումը վերահսկելու համար։ Ակնկալվում է, որ B-21 Raider-ը օդ կբարձրանա 2023 թ.: ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է ձեռք բերել 750 միլիոն դոլար արժեցող ռմբակոծիչների առնվազն 100 միավոր: Դրանք կփոխարինեն B-1 և B-2 ռմբակոծիչներին: