Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության մասին հուշագրի շրջանակում Թուրքիային է արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցող առաջին դատապարտյալին, որին Անկարան մեղադրում է ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու համար՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայում 6 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Մահմուտ Թաթը 2015 թ. Շվեդիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել, սակայն մերժվել է: Ավելի ուշ նրան ձերբակալել է Շվեդիայի ոստիկանությունը: Լրատվամիջոցների տվյալով՝ դեկտեմբերի 2-ի երեկոյան Թաթը տեղափոխվել է Ստամբուլ:
Արտահանձնումը տեղի է ունեցել Բուխարեստում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կայացած բանակցություններից երկու օր անց: Դրանց արդյունքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայում արձանագրել են Շվեդիայի ավելի վճռական տրամադրվածությունը Դաշինքին անդամակցելու հարցում, սակայն կոնկրետ քայլեր են ակնկալում ՆԱՏՕ-ին անդամակցելու հուշագրի իրականացման ուղղությամբ։