Քննչական կոմիտեն ավարտել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, գործը ուղարկել դատարան:
Հովհաննես Վարդանյան (ՀՀ Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ) - Քրեական գործի առաջին դրվագը կատարվել է 2020 թվականի նոյեմբերին, տևական ժամանակ տևող հանցագործություն էր մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:
Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների քննության մասնագետը ցույց է տալիս հանցավոր խմբի՝ Ֆեյսբուք սոցիլական ցանցում բացած առաջին կեղծ էջը, ինչպես է աշխատել մեխանիզմը:
Հովհաննես Վարդանյան - «Մանիման» վարկային կազմակերպության էջն է, գրել են որ տալիս են աշխատավարձի հնգապատիկի չափ վարկ:
Քննությամբ պարզվել է, որ երևանաբնակ երկու ընկերներ կեղծ էջերով ներկայացել են որպես վարկային կազմակերպության գործակալներ և վարկ տրամադրելու պատրվակով խաբեությամբ բազմաթիվ քաղաքացիների էլեկտրոնային դրամապանակների հասանելիություն ստացել, տնօրինել նրանց հաշիվները:
Հովհաննես Վարդանյան - էլեկտրոնային կազմակերպության կոդը ներկայացրել են որպես վարկի տրամադրման հաստատման կոդ և այդ անձանց անուններով ձևակերպել վարկեր և հափշտակել: Ընդհանուր առմամբ տվյալ քրեական գործով տուժող անձինք 65-ն են: Ընդհանուր գումարի չափը գերազանցում էր 7 մլն դրամը:
Գործով 65 տուժող ճանաչվածներից 17-ն են միայն հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, մյուս դեպքերը բացահայտվել են նախաքննության ընթացքում: Քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է, աշխատանքներ են տարվում խաբեությամբ հափշտակված մնացած գումարների վերադարձի ուղղությամբ:
Հովհաննես Վարդանյան - Այս եղանակով խաբեություն այլևս չի կատարվում. հանցավոր խումբը բացահայտված է, մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ ընտրված է խափանման միջոց:
Եթե Ֆեյսբուքում նման խաբեություններ այժմ չեն նկատվում, չի նշանակում՝ դրանք վերացել են:
Հովհաննես Վարդանյանի պնդմամբ՝ հիմա էլ հաճախակիացել են list.am կայքում առուվաճառքի գործերով խաբեությունները:
Քննչական կոմիտեն հորդորում է զգոն լինել, անձնական տվյալներ չհրապարակել, չտրամադրել անհայտ ծագումով էջերի: