Նիստը սկսված է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորում՝ հանձնաժողովների անդամների նշանակումով:
Հանրապետության 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար թեկնածուների ավելի քան 600 դիմում է ստացվել նոյեմբերի 8-25-ը:
Վահագն Հովակիմյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ) - Ներկայացվել է 619 դիմում, բայց այդ դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, այսինքն՝ ավելի հստակ ասեմ, որ 500 անձ դիմել է 1 տեղի՝ հանձնաժողովում ընդգրկվելու համար, 39 անձ ներկայացրել է 1-ից ավել դիմում, այսինքն՝ 1-ից ավել ընտրատարածքում ընդգրկվելու համար:
Գործող հանձնաժողովների անդամների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին: Նոր անդամներ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում նրանց լիազորությունների ավարտից 14 օր առաջ:
Վահագն Հովակիմյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ) - Աշխատանքային կարգով բոլոր դիմումները մեկ առ մեկ քննարկել ենք, որովհետև դիմումների մեջ կան նաև անդամների թեկնածուներ, որոնք գործող հանձնաժողովների նախագահ, քարտուղար են:
ԿԸՀ-ն աշխատանքային քննարկման արդյունքում որոշել է հանձնաժողովները ձևավորել նախապատվության քվեակարգով: ԿԸՀ քարտուղարը բացատրում է. սա փակ գաղտնի քվեարկություն է, երբ ԿԸՀ հանձնաժողովի ամեն անդամ բոլոր թեկնածուներին տալիս է միավորներ 1-ից մինչև թեկնածուների քանակը: Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկով ընտրում է հանձնաժողովի անդամներ:
Արմեն Սմբատյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար) - Միայն մեկ անգամ կարելի է 1 նիշը օգտագործել, այսինքն՝ մեկ թեկնածուին տալ 1, 2, 3, մինչև թեկնածուները սպառվեն, կարելի է նաև ոչ թե բոլոր թեկնածուներին նիշ տալ, այլ թեկնածուների մի մասին:
Կարգը հրապարակելուց հետո մեկնարկում է քվեարկությունը: Հանրապետության թիվ մեկ ընտրատարածքի հանձնաժողովի անդամի 7 տեղի համար, օրինակ, ստացվել է 19 դիմում:
Արմեն Սմբատյան - Այսպիսով՝ Թորոսյան Աշոտ Տիգրանի, Հովսեփյան Հասմիկ Սուրիկի ...թիվ մեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քվեարկությունն ավարտված է:
Այսպես երկուսուկես ժամ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ձևավորում:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, կանցկացվեն հանձնաժողովների առաջին նիստերը: