Եվրամիության աջակցությամբ Հայաստանը հզորացնում է աղետների ռիսկի նվազեցման ներուժը: Հայաստանին իրենց լավագույն փորձը ներկայացրել են Շվեդիան և Լիտվան: 2020-ից մեկնարկած ծրագրի համար Եվրամիությունը հատկացրել է մեկ միլիոն եվրո:
Արմինե Հայրապետյան (Աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի ծրագրի համակարգող, ԱԻՆ փ/ծ փոխգնդապետ) - Մեզ համար իրականում պատիվ էր համագործակցել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության հետ, որովհետև իրենք համաշխարհային մակարդակում ամենամեծերից մեկն են և առավել փորձառու` աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և արձագանքման ոլորտում, և մեր լիտվացի փորձագետների փորձն էլ, օրենսդրական և մի շարք այլ կարգավորումների հետ կապված, նույնպես շատ նպաստավոր եղավ:
Ծրագրի շրջանակում մշակված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության» օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման, որից հետո այն կուղարկվի ԱԺ: Արտակարգ իրավիճակների նախարարը «Թվինինգ» ծրագրի արդյունքները վերլուծելիս արձանագրեց՝ կարևոր ձեռքբերումը փորձի փոխանակումն է:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Այս երկու տարիների ընթացքում ակտիվ համագործակցել ենք, մեր մասնագետներն անցել են այդ բոլոր դասընթացները, շատ ակտիվ համագործակցություն է եղել, փոխադարձ այցեր են եղել, նաև ներկա պահին քննարկվում է շարունակականության հարցը:
Շվեդ և լիտվացի մասնագետները օգնել են մեր երկրում զարգացնելու նաև կամավորության ինստիտուտը, աջակցել են կադրերի պատրաստմանն ու համապատասխան պայմանների ստեղծմանը:
Անաստասիա էզերեց (Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու) - Մեր առջև դրված նպատակին գրեթե 90 տոկոսով հասել ենք, արդյունքից գոհ ենք: Մենք հետևել ենք նաև Սուրմալուի դեպքերին և արձանագրել, որ Հայաստանի պատասխանատու գերատեսչությունը փայլուն է կատարել իր առջև դրված խնդիրը:
Եվրամիության պաշտոնյաները ծրագրի արդյունքից գոհ են, վստահ են՝ հնարավոր աղետների դեպքում Հայաստանը կկարողանա պատշաճ կազմակերպել բնակչության պաշտպանությունը:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ դեսպան) - Ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը դժվար ժամանակներ են հաղթահարում: Մենք շատ բարձր ենք գնահատում ազգային ռիսկերի վերանայման առանձնահատկությունները, օրենքի փոփոխության մշակումը։ Կարծում եմ՝ աղետների կանխարգելման աշխատանքներից բացի, կարևոր է նաև օգնել մարդկանց՝ հաղթահարելու հոգեբանական խնդիրները:
Անդրեա Վիկտորինը նշեց, որ պատրաստ են շարունակելու «Թվինինգ» ծրագիրը, աջակցելու Հայաստանին այս ոլորտում: Ընդ որում՝ ոչ միայն փորձի փոխանակման տեսանկյունից, այլև ֆինանսական աջակցության տրամադրման ձևով: