Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել:
«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել:
Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին:
Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք:
Պարզվեց, որ բացի վերոնշյալ դեպքից՝ նրանք խմբով տասնյակից ավելի գողություններ էին արել Արմավիրի մարզի այլ բնակավայրերում ևս՝ Արտիմետում, Առատաշենում, Ակնալիճում, Եղեգնուտում և այլուր:
Գողացել էին նույն ընկերությանը պատկանող տրանսֆորմատորների յուղեր, մալուխներ, շարժիչներ և ջրամատակարարման համար կարևոր նշանակության այլ դետալներ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: