Հիմնանորոգումից հետո Արցախի Քերթ գյուղում վերաբացվել է միջնակարգ դպրոցը: Ծրագիրն իրագործվել է ռուսաստանաբնակ արցախցի բարերար Աշոտ Ջիվանյանի հովանավարությամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2018-ին, ավարտվել օրեր առաջ:
Ստելլա Ղուլյան (Քերթի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մենք, մի տեսակ, չենք կարողանում այս գեղեցկությունն ընկալել, որովհետև այս ամենը մեր աչքի առաջ է բարձրացել: Նույնիսկ արդեն մոռացել ենք մոխրագույն պատերի ճեղքերը, ցուրտը: Այս վիճակը տեսնելով՝ մարդը ապրելու, արարելու, ստեղծագործելու հույս է ստանում:
1974-ից ի վեր գյուղական դպրոցը չէր նորոգվել: Այժմ դասասենյակները տաք և լուսավոր են: Դպրոցաշինական ծրագրին Արցախի կառավարությունը մասնակցել է կենտրոնացված ջեռուցման ֆինանսավորմամբ: Արցախի կրթական ոլորտում Ջիվանյանը բարեգործական ծրագրեր է իրականացնում արդեն 16 տարի:
Աշոտ Ջիվանյան (բարերար) - Ես անգամ չգիտեմ՝ բարեգործություն անելով ես իրենց համա՞ր եմ անում, թե՞ ինձ համար: Երևի երկուսը միասին: Բարեգործություն անելով իմ հայրենիքում՝ ստանում եմ հաճույք, և բարեգործական ծրագրերն այստեղ՝ Արցախում, կրթական ոլորտում շարունակվելու են:
2019 թվականից Քերթի միջնակարգում նախադպրոցական բաժանմունք է գործում՝ 40 երեխայի համար: Շինարարության ավարտին նաև խաղաղահրապարակ է կառուցվել դպրոցի բակում:
Անուշ Քամալյան (Քերթի միջնակարգ դպրոցի նախադպրոցական բաժանմունքի ղեկավար) - Ուրախալի փաստ է, որ հարևան գյուղի երեխաներն էլ են հաճախում մեր նախակրթարանը: Մենք կազմակերպում ենք երեխաների և՛ մանկությունը, և՛ գեղեցիկ առօրյան, և՛ սոցիալականացնում ենք միջավայրին:
Համայնքում կատարած բարեգործական ծրագրերի համար Աշոտ Ջիվանյանին շնորհվել է Քերթի պատվավոր քաղաքացու կոչում:
Բարերարի ջանքերով բարեկարգվել է նաև համայնքի հուշահամալիրը: