Այգեշատցիներն անհամբեր սպասում են մանկապարտեզի բացմանը: Շինարարական աշխատանքները, որ սկսել են 6 տարի առաջ, անվերջ են թվում: Նախորդ դարի 60-ականներին կառուցված, արդեն վթարային շենքում առաջին անգամ նորոգում սկսվեց 2016 թվականին:
Լիպարիտ Հարությունյան (Այգեշատի վարչական ղեկավար) - Փոխվեցին դուռ-պատուհանները, տանիքը ու վերջ:
Պետական միջոցներով մեկնարկած շինարարությունը կանգ առավ ֆինանսավորման դադարեցման պատճառով: Գործն ավարտին հասցնելու և գյուղում աշխատող մանկապարտեզ ունենալու համար 2022 թվականին մանկապարտեզի շենքի հիմնանորոգման խնդիրը նորից բարձրացվեց ու ընդգրկվեց սուբվենցիոն փաթեթում: Աշխատանքներն արդեն վերսկսվել են: Պետության մասնակցությունը 70, համայնքինը՝ 30 տոկոս է:
Լիպարիտ Հարությունյան - Ներքին հարդարման աշխատանքներ են կատարում, պարսպապատվելու է, ջեռուցման համակարգ է անցկացվելու: Այս փուլում՝ այսքանը:
Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար: Գործելու է երեք խմբով, ունենալու է խաղասենյակներ ու ննջասենյակներ, բուժկետ, խոհանոց, որը, ի դեպ, մինչև նորոգումը շենքի հարևանությամբ էր: Նոր նախագծով այն ապամոնտաժվել ու ներս է բերվել: Շինարարությունն իրականացնող կապալառու ընկերությունը նպատակահարմար է գտել աշխատանքներում ներգրավել նաև համայնքի բնակիչներին:
Գևորգ Սահակյան (Այգեշատի բնակիչ) - Ով ինչքան կարողանում՝ օգնում է, եթե տեսնում է, որ շինարարները չեն հասցնում:
Տարածքը կբարեկարգեն ու մանկապարտեզի գույք ձեռք կբերեն տարբեր ծրագրերի միջոցով: Համայնքում ուրախ են՝ թեկուզ ուշացած, բայց եկող տարի նոր մանկապարտեզ կունենան: Կունենան նաև դեպի դպրոց ու պարտեզ տանող հարթ ճանապարհ, որի ասֆալտապատումը, ժամանակի ու գումարի սղության պատճառով տեղափոխվել է 2023 թվական: Համաֆինանսավորման ծրագրով, ի դեպ, հաջորդ տարի փոխվելու են նաև մշակույթի տան դռներն ու պատուհանները, անցկացվելու է ջրատար նոր համակարգ: