Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին:
Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։
Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում:
ԱՄՆ-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի քանի երկրի հետ NASAMS-ի «երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերն Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ, գրում է Politico-ն: Raytheon ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյսը նշել է, որ ՀՕՊ համակարգերը Կիև են ուղարկելու 3-6 ամսվա ընթացքում, այնուհետև առաջիկա 24 ամիսներին ԱՄՆ-ն դրանց փոխարեն Մերձավոր Արևելք ուղարկի նոր NASAMS-ներ:
Հեյսի խոսքով՝ այդ համակարգերը ստեղծվում են երկու տարվա ընթացքում, քանի որ էլեկտրոնային տարրերը և հրթիռային շարժիչների գնումները ժամանակ են պահանջում: Պենտագոնի զեկույցների համաձայն՝ ԱՄՆ-ից NASAMS համակարգեր են ձեռք են բերել մերձավորարևելյան երկու պետություն՝ Օմանը և Կատարը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ընկերությունը Ուկրաինայի համար NASAMS-ի «երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերի արտադրության պայմանագիր է ստացել։ Գործարքի գումարը գերազանցում է 1,216 մլրդ դոլարը:
ԵՄ-Ն, G7-Ը ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ
Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում։ Հանգստյան օրերին այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԵՄ Խորհուրդը՝ հայտնել է Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Անջեյ Սադոսը։ Լեհաստանը նախկինում պահանջում էր իջեցնել այդ սահմանաչափը, իսկ նախօրեին համաձայնել է զիջումների գնալ:
«Մեծ յոթնյակը» և Ավստրալիան ևս համաձայնեցրել են ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Համատեղ հայտարարությունը նշում է, որ սահմանափակումը կսկսի գործել «դեկտեմբերի 5-ին կամ դրանից անմիջապես հետո»։
«Այսօր Եվրամիությունը, G7-ը և այլ գործընկերներ պայմանավորվել են սահմանել ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի գների շեմը։ Դա զգալիորեն կկրճատի Ռուսաստանի եկամուտները, կօգնի մեզ՝ կայունացնել էներգակիրների համաշխարհային գները, ինչը օգուտ կբերի զարգացող շուկա ունեցող երկրներին ամբողջ աշխարհում։ Այդ սահմանաչափը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
ԱՄՆ Պետքարտուղարության գլխավոր տնտեսագետ Էմիլի Բլանշարի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմն աջակցում է ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափը մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանումը։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը նշում է, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության ավելացմանը և հումքի սպառողների համար ծախսերի ավելացմանը»: Դեսպանությունը վստահություն է հայտնել, որ ռուսական նավթը համաշխարհային շուկայում կշարունակի մեծ պահանջարկ վայելել: