Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելել՝ այժմ իշխանությունները վերլուծում են իրավիճակը, որից հետո պարզ կլինեն Մոսկվայի հետագա գործողությունները:
Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունից նշել էին, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության ավելացմանը և հումքի սպառողների համար ծախսերի ավելացմանը»: Դեսպանությունը վստահություն է հայտնել, որ ռուսական նավթը համաշխարհային շուկայում կշարունակի մեծ պահանջարկ վայելել:
Անդրադառնալով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների շարունակմանը՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ-ում մոբիլիզացիայի նոր ալիքների մասին տեղեկություն չկա, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է դրա ավարտի մասին։
Պեսկովը նաև հայտնել է, որ «Պուտինը ժամանակի ընթացքում կայցելի Դոնբաս»: