Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում՝ ասված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին՝ այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին՝ անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ: