Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ փոխանցում է Parstoday-ը։
Աբդոլլահիանը ներկայացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ուկրաինայի զարգացումների վերաբերյալ, նշել, որ դրանց պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն է: Նրա խոսքով՝ Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման մեղադրանքներն «անհիմն են և ուղղված են Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնության լեգիտիմացմանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծել է երկխոսության կարևորությւոնը, հույս հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու Թեհրանի ջանքերը կհանգեցնեն կրակի դադարեցման և խնդրի լուծման:
Գուտերեշը բարձր է գնահատել Իրանի դերը Եմենում քաղաքական ճգնաժամի լուծմանը նպաստելու գործում և ընդգծել, որ Թեհրանը պետք է շարունակի իր դերակատարումն ունենալ այդ ոլորտում: