2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, որում օգտագործվել են ձևակերպումներ, որոնք անընդունելի են «Հայաստան» խմբակցության համար: Խեղաթյուրված է արցախյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են նաև 44-օրյա պատերազմի պատճառները: Հայաստանին ներկայացվել են պահանջներ, որոնք անընդունելի և դատապարտելի են խմբակցության համար: Այս մասին ասել է Անդրանիկ Թևանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանին, պատասխանել համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցի մակարդակով»,- ընդգծել է զեկուցողը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ նախորդ երեք օրվա ընթացքում նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության անդամների հետ ունեցել են քննարկումներ: Բազմաթիվ կետերի շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարությանը:
Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:
Արդեն արտահերթ նիստի ընթացքում Աղաջանյանը նշեց. ««Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը: Մենք՝ որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»: