Շրջանառության մեջ դրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նոր նամականիշը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - 20-րդ «Մանկական Եվրատեսիլը» հոբելյանական է, և շատ կարևոր է սիմվոլիզմը այս կոնտեքստում, ինչի համար մենք շնորհակալ ենք «Հայփոստ» ընկերությանը, ԲՏԱ նախարարությանն այս հնարավորության համար, քանի որ մենք այս սիմվոլիզմով ցույց տվեցինք կարևորությունն այս միջոցառման:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Կուզեմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին, դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս էս իրադարձությանը, ինչպես նաև նամականիշն այն բանի համար է, որպեսզի այն տարածվի աշխարհով մեկ:
Նամականիշի վրա պատկերված է հայկական զարդանախշերով պտտվող հոլը, որը 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշն է: Նամականիշի անվանական արժեքը 400 դրամ է:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Այսօրվա միջոցառումը «Եվրատեսիլ» մեծ միջոցառման մի փոքր մասնիկն է, բայց որը լավ սկիզբ է դնում միջոցառումների շարքին, որոնք նվիրված են «Եվրատեսիլին»: Շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում հաջող ընթացք:
«Պտտի՛ր հրաշքը»՝ եվրատեսիլյան այս տարվա կարգախոսը նույնպես տեղ է գտել նամականիշի վրա, այստեղ կարելի է գտնել նաև անգլերեն ու հայերեն լեզուներով «Մանկական Եվրատեսիլ» գրառումը:
Արայիկ Աբրահամյան («Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար) - Նամականիշներ մարվում են հատկապես կարևոր միջոցառումների առիթով: Այս անգամ «Հայփոստը» թողարկել և մարում է նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլում» մեր աղջկա տարած հաղթանակին: Այս նամականիշը կարևոր է մեզ համար, թող նման առիթներ Աստված մեզ շատ պարգևի, և մենք հաղթանակների առիթով նամականիշներ մարենք:
Նամականիշի գաղափարը Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահինն է:
Հովիկ Մուսայելյան (Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ) - Այսօր պատմական օր է այն առումով, որ մենք երկրորդ անգամ հյուրընկալում ենք նման ներկայացուցչական մրցույթի մասնակիցների: Վստահ եմ, որ շատ լավ է անցնելու, որովհետև այս տարիների ընթացքում բոլորի համար ակնհայտ էր, որ նման մասշտաբի միջոցառումները մենք կարող ենք բարձր մակարդակով իրականացնել:
Նամականիշի մարմանը մասնակցում էր նաև «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Հայաստան բերած Մալենան:
Մալենա («Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող) - Ես շատ ուրախ եմ, որ նամականիշը կարող է հասնել աշխարհի տարբեր ծայրեր և բոլորին հիշեցնել, որ 20-րդ «Եվրատեսիլը» կայացել է Հայաստանում, որի խորհրդանիշը հենց հայկական հոլն է:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտը Երևանում կսկսի դեկտեմբերի 5-ին տոնական միջոցառմամբ:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան