Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով լեհական Լոձում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակյան փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։
Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման օրակարգին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար մարտահրավերները:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։