Մի քանի օրից Երևանի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն Ամանորի միջոցառումները:
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այս տարի բացառիկ լուսավորություն է լինելու: Քաղաքում տոնական լույսերը կվառվեն «Մանկական Եվրատեսիլի» միջոցառման բացման արարողությանը զուգահեռ:
Տոնական միջոցառումների բաղկացուցիչ մաս է լինելու ամանորի տոնավաճառը, որը ավելի քան 40 տաղավար է ունենալու: Դեկտեմբերի 9-ից սկսած 7 համերգ է կազմակերպվելու, իսկ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, գալա համերգ կլինի:
Տոնական միջոցառումների կազմակերպման համար քաղաքային իշխանությունը կծախսի 285 միլիոն դրամ: Երևանի փոխքաղաքապետներն անդրադարձել են նաև մեղադրանքներին, թե քաղաքը ու պատմամշակութային շենքերը վնասվել են զարդարման հետևանքով:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ՝ մետաղյա ձողերը զարդանախշի մեջ, մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի: Այո՛, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին՝ իրականացվել է նվազագույն միջամտություն:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը իրականացնելու համար, որի հետևանքները, ոչ թե վնասը, վերացվելու են: Այն, որ զարդանախշերի վրա չի կարելի, դրա վրա որևէ բան ամրացնել, բազմիցս կապալառուի հետ քննարկվել ու հատուկ նշվել է: Ի վերջո, հենց այդ զարդանախշերն են, որոնք պայմանավորում են այդ շենքերի պատմամշակութային արժեք լինելը: