Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար:
2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ 2 մլն քառակուսի մետր տարածքներ մաքրել չպայթած զինամթերքից և այն հանձնել տեղական իշխանություններին:
Անցած մեկ տարվա ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները, ցուցաբերելով բարձր մասնագիտական ունակություններ, միաժամանակ հաղթահարելով բազմաթիվ անվտանգային, կենցաղային և սոցիալական դժվարություններ, սակայն ստանալով Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշեմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ դեսպանության անձնակազմի բարձր աջակցությունը, մաքրել են ավելի քան 2 000 000 քմ և ենթամակերեսային մաքրման միջոցով ավելի քան 1 400 000 քմ գյուղատնտեսական նշանակության տարածքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի 522 ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են հատուկ նախանշված տարածք և պայթեցման եղանակով ոչնչացվել:
2022 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել վերոնշյալ տարածքների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն Ջոզեֆ ՄքՔարտին և տեղի իշխանություների ներկայացուցիչներ, որոնք իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:
«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ օրեցօր բարելավելով իրենց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ, խորվաթական «ԴՈԿ-ԻՆԳ» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի որակի պատասխանատու Դամիան Ուոլկերը՝ կատարված աշխատանքների որակի համապատասխանության վերաբերյալ, ՄԱԿ-ի կողմից Ջոզեֆ ՄքՔարտին՝ որպես գրասենյակի տնօրեն և Դամասկոսի նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը՝ մաքրված տարածքներն ընդունելու վերաբերյալ:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը, մասնագիտական պարտականությունները բարձր որակով իրականացնելու համար, Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակվելու են նաև 2023 թվականին: