Մեր տարբերությունները մի քանի հարցի շուրջ են: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցին:
«Ընդդիմությունը կողմնակից է Ադրբեջանին պատասխանել նույնքան և ավելի սրությամբ և Հայաստանի ձևակերպումները դարձնել նույնքան արմատական, որքան Ադրբեջանի ձևակերպումներն են: Սրա հիմնավորումն այն է, որ Ադրբեջանը կառուցողական չէ, ինչը ճշմարիտ է, պատերազմ է վարում ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ, ինչը ճշմարիտ է, հույս չկա լուծման, և, ընդհակառակը, կոշտ խոսքը կարող է զսպել ագրեսորին:
Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ նման մոտեցումը որքան էլ հաճելի է ինքնազգացողության համար, այնուամենայնիվ, վատ դիվանագիտություն է, ավելին, դա հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը:
Ադրբեջանը մեզ ուզում է ներքաշել տարածքային վեճի մեջ: Հայաստանի և Ադրբեջանի ասածներն Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ականջի համար դարձնել հայելանման մեղադրանքների և պահանջների աղմուկ և անլուծելի մի թնջուկ, օգտագործել այդ համատեքստը որպես ֆոն ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու և ՀՀ-ի նկատմամբ սողացող պատերազմ վարելու համար՝ առանց միջազգային լուրջ դիմադրության»,- ասաց Կարապետյանը: