Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Եգիպտոսը՝ հավելելով, որ իր առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով երկկողմ հագեցած օրակարգին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին:
ԱԳ նախարարի տեղակալը տիկին Գամիլին ներկայացրել է Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ստեղծված անվտանգային դրությունը՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։