Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, որոնց մասին ավելի վաղ հիշատակել էր ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենը, անհնար են, քանի դեռ ամերիկյան կողմը պնդում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից:
«ԱՄՆ-ն նախկինի պես չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության կազմում նոր տարածքները։ Եվ, իհարկե, դա էապես բարդացնում է փոխադարձ քննարկումների անցկացումը»,- ասել է Պեսկովը և հավելել. «Ռուսաստանի նախագահը միշտ եղել է, կա և մնում է բաց բանակցությունների համար։ Հենց Ռուսաստանի նախագահն էր, որ մինչև հատուկ ռազմական գործողությունը փորձում էր բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ ռազմական գործողությունն ավարտելու մասին, եթե Ռուսաստանի նախագահն «իրոք շահագրգռվածություն ցուցաբերի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում»: Մինչդեռ առայժմ Բայդենը Ռուսաստանի նախագահի նման մտադրություններ չի տեսնում: