ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին:
«Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ թիվ 388 բանաձևն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս օրինակին և ընդունել նմանատիպ օրինագծեր»,- գրված է կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում:
ԲԱՅԴԵՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ պատրաստ է խոսել Ռուսաստանի նախագահի հետ, եթե նա շահագրգռված լինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, գրում է Reuters-ը:
Հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն, Բայդենի խոսքով, նման շահագրգռվածություն Կրեմլի ղեկավարը չի ցուցաբերել: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ բանակցությունը տեղի կունենա միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո: Բայդենը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում չի ծրագրում հանդիպել Պուտինի հետ:
Ըստ The Washington Post թերթի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն մասնավոր կերպով կոչ է անում բաց լինել Ռուսաստանի հետ երկխոսությանը:
Կրեմլն արձագանքել է Բայդենի հայտարարությանը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի ճանաչել նոր տարածքների միացումը Ռուսաստանին, ընդհանուր հայտարարի գալը շատ բարդ կլինի: Սակայն, ըստ նրա, Դաշնության նախագահը միշտ պատրաստ է բանակցությունների՝ Մոսկվայի շահերի ապահովման նպատակով:
«Բայդենն ասել է, որ բանակցությունը հնարավոր կլինի, միայն եթե Ռուսաստանը զորքը դուրս բերի Ուկրաինայից, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են»,- եզրափակել է Պեսկովը:
ԿԱՅԱՑԵԼ Է ՇՈԼՑ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Շոլց-Պուտին հեռախոսազրույցը: Նախագահն ու կանցլերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի «տարբեր ասպեկտները»: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը «կրկին մանրամասն պարզաբանել է ռազմական գործողությունների վերաբերյալ ՌԴ սկզբունքային մոտեցումները»։
Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել Շոլցին «վերանայել իր մոտեցումները»՝ ընդգծելով, որ արևմտյան զենքի մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինային քաղաքական ու ֆինանսական աջակցությունը հանգեցնում են նրան, որ «Կիևը մերժում է ցանկացած բանակցային գաղափար»:
Պուտինն ասել է, որ ռուսական հարվածներն «Ուկրաինայի տարածքում որոշակի թիրախների դեմ» հարկադրված պատասխան են քաղաքացիական ենթակառուցվածքի, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի հարձակումներին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ կոչ է արել որքան հնարավոր է շուտ գտնել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծումը, ներառյալ՝ ռուսական զորքերի դուրսբերումը: Կանցլերն ընդգծել Է Գերմանիայի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային նրա պաշտպանական կարողությունների ապահովման հարցում:
Երկու ղեկավարները քննարկել են նաև հացահատիկային գործարքի իրականացումը՝ ընդգծելով համաձայնագրերի համալիր կատարման անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է նաև ռուսական արտահանումների համար բոլոր արգելքների վերացում:
ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ
Լիբանանի օրենսդիրները դարձյալ չեն կարողացել նախագահ ընտրել այդ հարցին նվիրված՝ խորհրդարանի նաև ութերորդ նստաշրջանում: Քվեարկության արդյունքները հետևյալն են. պատգամավոր Միշել Մովաբադը ստացել է 37 ձայն: 52 քվեաթերթիկ համարվել է անվավեր, Էսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 9 պատգամավոր:
Նախագահի թեկնածուն քվեարկության առաջին փուլում պետք է ստանա 128 պատգամավորի ձայների երկու երրորդը։
Նստաշրջանի ավարտին խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ հաջորդ հինգշաբթի խորհրդարանը նորից կհավաքվի նախագահի ընտրության համար: