Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրել է, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն պետք է հաստատի նոր հանձնաժողովների կազմը։
Հանձնաժողովը նոյեմբերի 8-25-ը ընդունել է ԸԸՀ-ի անդամության թեկնածուների հայտերը, ստացվել է 619 դիմում։ Դիմումները ներկայացվել են 539 անձանցից, 500 անձ դիմել է մեկ տեղի համար, 39 անձ ներկայացրել է մեկից ավելի դիմում՝ մեկից ավելի ընտրատարածքներում ընդգրկվելու համար։ 342 դիմում ներկայացվել է տղամարդկանց, 277 դիմում՝ կանանց կողմից։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր խոսքում նշել է, որ բոլոր ընտրական հանձնաժողովների համար առկա էր նախատեսված տեղերից ավելի շատ դիմում, և մի մասի վերաբերյալ չի եղել ընդհանուր կոնսենսուս, ուստի հանձնաժողովը որոշել է բոլոր ընտրատեղամասերը ձևավորել նախապատվության քվեակարգով։ Այն ամրագրված է Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածում և կիրառվում է 2011 թվականից սկսած։ Քվեակարգը նախատեսում է փակ-գաղտնի քվեարկություն, որի ժամանակ ԿԸՀ յուրաքանչյուր անդամ բոլոր թեկնածուներին գնահատում է մեկից մինչև թեկնածուների առավելագույն քանակ միավորով։ Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկ է կատարում, և դրա արդյունքում ընտրվում են ԸԸՀ անդամներ։
Սմբատյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային պահանջի դրույթին․ բոլոր ԸԸՀ-ներում պետք է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվն առնվազն պակաս չլինի երկուսից, յուրաքանչյուր ԸԸՀ-ում առնվազն երկու կին և առնվազն երկու տղամարդ սեռային համամասնություն պետք է ապահովվի։
Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, նոյեմբերի 8-ին ստացվել է ընդամենը 11 դիմում, նոյեմբերի 24-ին՝ 160, իսկ դիմումներ ընդունելու վերջին օրը՝ նոյեմբերի 25-ին՝ 115 դիմում։
Հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ձևավորեց 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը և ԸԸՀ-ների առաջին նիստի օր նշանակեց դեկտեմբերի 17-ը։