Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կազմավորման և հանձնաժողովների անդամներ նշանակելու հարցը:
Նիստին մասնակցում էին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանը, Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը:
Արմեն Սմբատյանը ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի` որքան ցածր է թեկնածուին տրվող նիշը, այնքան բարձր է վարկանիշը:
Նրա խոսքով` ընտրատարածքների անդամակցության համար ստացվել է 600-ից ավելի հայտ: Եղել են դիմումատուներ, որոնք ցանկություն են հայտնել միանգամից մի քանի ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու:
Սմբատյանը նշեց նաև, որ այն դեպքերում, երբ որոշում կայացնելու խնդիր է եղել, ԿԸՀ ներկայացուցիչը հանդիպել է թեկնածուների հետ:
«Հանդիպումների արդյունքում հանձնաժողովներից մեկի անդամ ընտրվեց մի թեկնածու, որին մինչ այդ ոչ մեկս չէր ճանաչում»,- ասաց նա:
Առաջացած տեխնիկական խնդիրները կարգավորելուց հետո նիստի անդամները սկսեցին քվեարկությունը՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:
Քվեարկության ավարտից հետո ԸԸՀ կազմերի անդամների ցուցակը հասանելի կինի ԿԸՀ կայքում:
Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան