Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը առցանց ձևաչափով մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա) չորրորդ համաժողովին:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայով ամրագրված հիմնական դրույթները:
Տոկիոյի կոնվենցիայի չորրորդ համաժողովի հիմնական նպատակն անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումն է՝ որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով:
Այն նաև հնարավորություն է տալիս ամրապնդելու մշակութային, կրթական, գիտական և տնտեսական կապերը՝ միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները: Կոնվենցիայի դրույթները խթանում են անդամ երկրների միջև ուսանողների և բուհերի դասախոսական կազմի ներգնա ու արտագնա շարժունությունը, գիտելիքների առաջընթացի համար մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը և բարձրագույն կրթության որակի ապահովումը:
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա) չորրորդ համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը: