Լարսում նորից կուտակումներ են: Անցակետն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով: Կուտակումներ կան նաև Թբիլիսին շրջանցող ճանապարհին: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն օրերս տեղում են ծանոթացել իրավիճակին, արձանագրել՝ փոխադրման ծավալն աճել է, և դա է պատճառը, որ Լարսում վերջին տարիներին ոչ միայն ձմռանը, այլև ամբողջ տարվա ընթացքում մեծ հերթեր են գոյանում:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Մեր հիմնական տրանսպորտային միջոցները կուտակվում են Թբիլիսին շրջանցող ճանապարհահատվածին, իսկ որոշակի կուտակումներ կան Խաշուրի բնակավայրի հատվածում և արդեն սահմանի մոտ, այնտեղ գտնվում է մոտ 600 տրանսպորտային միջոց, որից մեծ մասը նույնպես հայկական է:
Մոտ 400 կուտակված մեքենա էլ Թբիլիսին շրջանցող ճանապարհին կա. մեծ մասը հայկական մեքենաներ է: Վարորդներից շատերը հերթում սպասում են արդեն մեկ ամիս: Արտահերթ անցնում են հիմնականում արագ փչացող սննդով բեռնված տրանսպորտային միջոցները:
Խաչիկ Սողոմոնյան - Նախատեսվում է, որ կգործարկվի լրացուցիչ ռենտգեն սարքավորում, և 12 լրացուցիչ անցուղի, որոնք հնարավորություն կտան մեծացնել թողունակությունը: Դա ռուսական կողմում է լինելու, և այս պահին աշխատանքներ են իրականացվում ՊԵԿ գործընկերների կողմից Ռուսաստանի մաքսային ծառայության հետ, որպեսզի հնարավորություն ստեղծվի Հայաստանում ռենտգեն սարքավորում անցնելուց հետո այնտեղ չանցնեն կամ ավելի պարզեցված տարբերակով անցնեն:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը գործընկերների հետ այս պահին մշտադիտարկում է իրականացնում Վերին Լարսում: Պետեկամուտների կոմիտեից նաև տեղեկացնում են, որ ռուս գործընկերները անցակետում իրավիճակը թեթևացնելու անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում:
ՊԵԿ - «Նոր սարքի գործարկումից հետո միջին թողունուկությունը հասնում է օրական մինչև 450 մեքենայի։ Հերթերն առաջանում են ռուսական կողմում տեղակայված անցակետի թողունակության պատճառով, քանի որ բոլոր բեռները, անվտանգության նկատառումներից ելնելով, անխտիր անցնում են ռենտգեն սկանավորում։ Նոր ռենտգեն սարքի գործարկման արդյունքում նախատեսվում է նաև, որ վրացական կողմում սպասող բեռնատարները կարճ ժամանակում կհատեն ռուս-վրացական սահմանը»:
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահի խոսքով՝ խնդիրը երկար պատմություն ունի, ճանապարհը վաղուց չի բավարարում թողունակության ամբողջ ծավալը:
Եղիշե Հովհաննիսյան (Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ) - Շրջանառությունը 15 թվականից հետո, երբ մենք ԵԱՏՄ անդամ դարձանք, կրկնակի, եռակի, քառակի ավելացավ, և դուք նկատել եք, որ ֆինանսական լուրջ թվեր են հրապարակվում, էդ թվերի տակ նաև կան լուրջ ծավալների բեռներ, և հասկանալի ա, որ էդ բեռները ստեղծում են պրոբլեմ փոխադրման հետ կապված, որովհետև ամեն մի ճանապարհ ունի իր թողունակությունը:
Ըստ Հովհաննիսյանի՝ խնդրի լուծումը համակարգային մոտեցում է պահանջում: Հիշեցնում է՝ 2008-ին ռուս-վրացական հակամարտության պատճառով Հայաստանը 10 օր կոլապսի մեջ հայտնվեց: Մասնագետի խոսքով՝ մեր երկրին ճանապարհների և ենթակառուցվածքների այլընտրանքներ են պետք. տարբերակներից մեկը լաստանավի գործարկումն է, մյուսը՝ հարևան Իրանի ճանապարհային ենթակառուցվածքների օգտագործումը:
Եղիշե Հովհաննիսյան - Եթե ջանքերը համատեղենք, կարող ենք շատ լավ ուղի ստանալ՝ Պարսկաստանով դեպի Ռուսաստան, դեպի Միջին Ասիա և, ընդհանրապես, ևս մեկ ելք ունենալ դեպի արտաքին աշխարհ:
Այսօր տրանսպորտային լոգիստիկան ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման տեսանկյունից խոչընդոտ է դարձել՝ ասում են մասնագետները: Ռուս-վրացական ճանապարհներին մեքենաները հերթում մնալու պատճառով մեծ գումար են ծախսում, ինչի հետևանքով հայկական արտադրանքը միջազգային շուկայում թանկանում և երբեմն ոչ մրցունակ է դառնում: