«Չեմ թաքցնի և անկեղծ կասեմ, որ, այո՛, նման քննարկում եղել է, բայց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին»,- Ազգային ժողովում այսօր հայտարարել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել լքել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն ու հրաժարվել մանդատներից:
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Հակասությունները պայմանավորված են փողոցային պայքարից ու տևական բոյկոտից հետո Ազգային ժողովի նիստերի դահլիճ վերադառնալու հարցով:
Իշխան Սաղաթելյանն այսօր նշել է՝ փողոցային պայքարը շարունակելու են:
«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումները չկան այլևս, երբ կա Գերագույն մարմնի որոշում, հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե մենք դնեինք, դնելու էինք բոլորս, եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս»,- ասել է Սաղաթելյանը: